Մատչելիության հղումներ

«Աղոթեք մեզ համար, կարևոր օրեր են մեր եկեղեցու կյանքում». եպիսկոպոսական հավաքը՝ Ավստրիայում

«Խնդրում եմ ձեզ աղոթել մեզ համար, կարևոր օրեր են մեր եկեղեցու կյանքում», - Վիեննա թռչող օդանավից խնդրում է Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը:

Կարևոր երկրորդ օրն է Ավստրիայի հնագույն Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ այստեղ են հավաքվել Հայ առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ՝ քննարկելու ամիսներ շարունակ ներհայաստանյան կյանքը փոթորկող հոգևոր ու իշխանական վերնախավերի հակամարտությունը: Առայժմ, սակայն, ոչ մի ձայն ու մեկնաբանություն չկա Սանկտ Փյոլթընից: Մասնակից հոգևորականներին ուղղված մեր բոլոր զանգերը անպատասխան են մնում:

Եպիսկոպոսական հավաքի բացման օրվա մասին կարճ տեղեկատվություն ու մի քանի լուսանկար է տարածվել միայն: Դատելով դրանցից՝ եպիսկոպոսները ջուր էլ ունեն, օրակարգ էլ: Հավաքը վարում է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչը: Սրահում մեծ մոնիտոր է կախված, սակայն Մայր Աթոռից արդեն հայտարարել են Էջմիածնի հավաքին առցանց միացող եպիսկոպոսներ չեն լինելու, Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ հավաքի բացման առթիվ պատգամ է հղել:

Նվիրապետական աթոռներն առաջին դեմքերով ներկա չեն հավաքին. Կիլիկիո կաթողիկոսը, Պոլսո ու Երուսաղեմի պատրիարքները ուղերձներ են հղել:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր իսկ հրավիրած եպիսկոպոսաց հավաքին մասնակցել չկարողացավ, քանի թռիչքից կարելի է ասել ժամեր առաջ նա մեղադրյալ դարձավ՝ երկիրը չլքելու խափանման միջոցով: Իրավաբաններն ավելի վաղ ենթադրել էին, որ ժողովը տապալելուն ուղղված քայլեր կարվեն, իսկ Փաշինյանը մեղադրանքն առաջադրելուց մեկ օր առաջ ենթադրել էր, թե Վեհափառը ժողովը դրսում է անցկացնում, որ կաթողիկոսական աթոռն էլ հետը տանի:

«Ես դա թույլ չեմ տալու», - ասել էր վարչապետը:

Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու քրեական գործով մեղադրյալներ են նաև 6 եպիսկոպոսներ ու այն քահանան, որ Ավստրիայում պիտի ժողովի քարտուղարը լիներ: Էջմիածնից միայն երկու եպիսկոպոսներ են, որ կարողացան գնալ հավաքին, որովհետև երկրից բացակայելու իրավական արգելքի տակ չեն: Վեհափառի բացակայությամբ փոխվեց նաև ժողովի կարգավիճակը, այն դարձավ հավաք, որտեղ որոշումներ ընդունվել չեն կարող:

«Հավաքը քննարկումներ է անում, խորհրդակցություններ է անում, և հավաքը կարող է իր քննարկումների եզրակացությունները բերել Մայր Աթոռ, որոշումներ չեն կայացնում, վճիռներ չեն կայացնում», - ասել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Փաշինյանի արշավին միացած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները այս հավաքը բոյկոտելու կոչ էին արել, նրանցից միայն Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է Սանկտ Փյոլթընում՝ Վեհափառին ուղղված իր մեղադրանքները քննարկելու հույսով: 10 կետից բաղկացած փաթեթ է. կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու, նրա եղբոր գործակալ լինելու, հոգևորականներին ցույցերի մասնակցությանը պարտադրելու հարցերից մինչև միանձնյա կառավարման մեղադրանք: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Հովնան սրբազանի հարցադրումները քննարկվել են:

Հավաքը շարունակվելու է նաև վաղը, ենթադրվում է՝ ամփոփիչ հայտարարություն կլինի: Առայժմ կարճ հաղորդագրություն է. մասնակիցները Արևագալի ժամերգության են մասնակցել, աղոթական առնձնացման մեջ են եղել, բայց կեսօրից հետո այնուամենայնիվ սկսել են քննարկումը: Երեկ երեկոյան էլ Մայր Տաճարում երեկոյան ժամերգության են մասնակցել, լսել են Կաթոլիկ Եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Ալոիս եպիսկոպոս Շվարցին:

Ավստրիայի կաթոլիկների Kathpress լրատվական գործակալությունը փոխանցում է նրա խոսքերը. «Այսօր մենք հավաքվել ենք աղոթելու միմյանց հետ և միմյանց համար՝ խոր համերաշխությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի ու հայ եկեղեցու մյուս առաջնորդների հետ»:

Տաճարում բոլորով նկարվել են: Ժպտացողները շատ չեն. Եզրաս ու Խաժակ սրբազանները:


XS
SM
MD
LG