Այսօր, վաղ առավոտյան Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են arqument․az լրատվական կայքի խմբագիր Շամշադ Աղաևին, տեղեկացնում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։
Լրագրողի հարազատների խոսքով, անվտանգության աշխատակիցները Բաքվի նրա տուն են ներխուժել գիշերը, առգրավել հին հեռախոսը, համակարգիչը։ Փաստաբան Շահլա Համբատովան հաստատել է, որ Աղաևը կասկածյալ է քրեական օրենսգրքի՝ կազմակերպված խմբի կազմում մաքսանենգության հոդվածով, Meydan TV-ի գործի շրջանակում։
Իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել այս ձերբակալությունը։ Սա առաջին անգամը չէ, որ Աղաևը հայտնվում է իրավապահների թիրախում։ Նախկինում ոստիկանությունը նրան հարցաքննության էր կանչել մեկ այլ լրատվամիջոցի՝ Toplum TV -ի հետ կապված․ սա դիտարկվում էր որպես անկախ լրատվամիջոցների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հերթական դրսևորում։