Ֆրանս-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները տարածում են երկրի մարզիկներից մեկի հայտարարությունը, որը պնդում է, թե Փարիզի Օլիմպիական խաղերում ստացած իր բրոնզե մեդալը «ժանգոտել է»։
«Իմ մեդալը փչացել է ընդամենը երեք օրվա ընթացքում, հիմա ավելի է վատթարացել՝ գունաթափվել, ժանգոտել», - հունահռոմեական ոճի ըմբիշ Հասրաթ Ջաֆարովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական պետական լրատվամիջոցները։
Այս հրապարակումներից րոպեներ անց Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, թե պատրաստվում է այս հարցով դիմել Միջազգային օլիմպիական կոմիտե։
Անցած տարի Ֆրանսիայի կառավարությունը հատուկ զեկույցում պնդել է, որ Ալիևի վարչակազմը համացանցում զրպարտչական արշավ է նախաձեռնել Փարիզի կողմից Օլիմպիական խաղերը հյուրընկալելու դեմ՝ փորձելով կասկածի տակ դնել Ֆրանսիայի կարողությունները։