Մատչելիության հղումներ

Ադրբեջանով անցնող հայերը կհանդիպե՞ն այդ երկրի սահմանապահներին. ԱԺ նախագահի արձագանքը

Լրացված

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Ինձ դուր չի գալիս Ձեր մտածելակերպը: Ես Ձեզ անձնապես չեմ մեղադրում, բայց ինձ դուր չի գալիս Ձեր մտածելակերպը», - Ազգային ժողովի նախագահն այսպես է արձագանքում «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի համար սկզբունքային է, որ Ադրբեջանի տարածքով անցնելու դեպքում հայկական բեռներն ու քաղաքացիները մինիմալ շփում ունենան ադրբեջանցի սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ: Այսինքն, ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են հրապարակային պատրաստակամություն հայտնում, որ Հայաստանով անցման դեպքում ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար կգտնեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որ Հայաստանի իրավասու կառույցների ներկայացուցիչների հետ ադրբեջանցիների շփումները կհասցվեն մինիմալի, նույնը ապահովվի նաև հայկական կողմի համար Ադրբեջանով անցնելիս:

Ալեն Սիմոնյանն ասաց՝ փոխադարձության սկզբունքը հենց դա էլ ենթադրում է, բայցև առաջարկեց. - «Բայց մենք դրա մասին պիտի չմտածենք, էլի... Որովհետև, եկեք ծուռը նստենք և դուզը խոսենք, որովհետև Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, և որ 30 տարի, համարում է, հիմա չեմ վիճում՝ ճիշտ ա, սխալ ա, չեմ ասում՝ դա ճիշտ ա, սխալ ա, համարում ա, որ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի իրանց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև, չգիտեմ, ցեղասպանություն հասնող հայտարարություններ ա անում, և իրա մտածելակերպը տենց է, և ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ամեն հնարավոր ապագա սպառնալիք կանխել և հանկարծ թույլ չտալ, որ, ենթադրենք, պայմանական, կյանք ա, ամեն ինչ կարող ա փոխվել, ենթադրենք 50 տարի հետո, 100 տարի հետո, չգիտեմ, ամեն բան կարող ա լինել»:

Վաշինգտոնյան համաձայնություններից մոտ երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Սյունիքով դեպի Նախիջևան անցնելիս «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն, ֆիզիկական շփում չպետք է լինի»: Սրան հաջորդած և Վաշինգտոնում ընդունված հռչակագրով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, իսկ Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով:

Ալեն Սիմոնյանն այսօր բացատրեց, թե ինչու Ալիևը չի ցանկանում, որ իր երկրի քաղաքացիները Հայաստանի տարածքում հայերի հանդիպեն. - «Խոսքը գնում է դեմառդեմ շփվելու: Պայմանական, հա՞, մենք էլ երբ որ շրջագայում ենք, չգիտեմ, լինում ա՝ այլ, երրորդ, չորրորդ երկիր ենք գնում, մի հինգ րոպե երկար են մեզ պահում, ասում ենք՝ հատուկ են անում, էս ինչ վատ սահմանապահ է, և այլն, և այլն: Մինիմալի հասցնել էս զգայուն ժամանակահատվածում, երբ հարաբերությունների և վստահության վերականգնման փուլ ա, էդ շփումը մինիմալի հասցնելու նպատակ ունի դա: Դա չի նշանակում, որ հինգ, տաս տարի հետո, կրկնում եմ, էդ դրա կարիքը նույնիսկ չի լինի»:

Ազգային ժողովի նախագահը համոզված է՝ հայերն ու ադրբեջանցիները ժամանակի ընթացքում ոչ միայն կշփվեն միմյանց հետ, այլ նաև առևտուր կանեն: Իսկ մինչ այդ հայ պաշտոնյաները կպահանջե՞ն, որ Ադրբեջանի տարածքով անցնելու դեպքում հայերը նույնպես մինիմալ շփում ունենան ադրբեջանցիների հետ: Նույն հարցը «Ազատություն»-ը կրկին տվեց, բայց խորհրդարանի խոսնակի պատասխանն ավելի հստակ չդարձավ:

«Կարծում եմ, որ էդ զգայունությունը երկու կողմից էլ կա, բայց մեր համար առաջնային և կարևոր է, որպեսզի կոմունիկացիաները հնարավորինս արագ բացվեն, և մենք վստահ ենք, որ էդ խնդիրը էդքան արագ ու էդքան սուր կանգնած չի, և շատ կարճ ժամանակահատվածում էդ հարցը լուծվելու ա», - ասաց Սիմոնյանը:

Ավելի քան մեկ ամիս առաջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո «Թրամփի ուղու» վերաբերյալ բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են: Չնայած սրան, վարչապետն ու թիմակիցները պնդում են՝ ցանկացած լուծման հիմքում լինելու է Հայաստանի համար կարևոր հինգ սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն:

Չնայած հնչած և հնչող հարցերին՝ պաշտոնյաները վերջին մեկ ամսվա ընթացքում ճանապարհների ապաշրջափակման ոչ մի դետալ չեն բացահայտել՝ պնդելով, թե հռչակագրում եղածից ավելի ոչինչ հայտնի չէ:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ իշխանությունը խուսափում և միտումնավոր չի բացահայտում ճանապարհներով անցման դետալները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան, արխիվ

«Անխոչընդոտ անցում նշանակում ա՝ ցանկացած ճանապարհ, ցանկացած դուռ բաց ա: Բայց ես սահմանային անցում եմ անցնում, և էնտեղ սահմանապահը կարող ա ասի՝ «չեմ թողնում, գնա»: Էդ հարցն ա՝ կարող ե՞ս արգելես: Չեն պատասխանում, որովհետև հենց ընկնեն մանրուքների մեջ, էնտեղից արձագանք կգա, կասեն՝ «հոպ, դու մեզ ուրիշ բան ես ասել»: Էդ ա սաղ խնդիրը: Էնտեղ այ սենց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Ղարաբաղը թոկ է Հայաստանի վզին, հիմա Բաքուն թոկ ա գցել Հայաստանի վզին և չի թողում, չի թողում դու ազատ շարժվես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Ինչո՞ւ ընդդիմադիրներին չի համոզում վարչապետի այն պնդումը, որ ցանկացած լուծման դեպքում գործելու են Հայաստանի նշած սկզբունքները:

«Հայաստանը կարող ա ասի՝ «դե իմ իրավազորությունն ա, գործում ա, ես իմ իրավազորության շրջանակներում չեմ ստուգում»: Այսինքն՝ հա՛մ գառները ողջ կլինեն, հա՛մ գայլերը կուշտ կլինեն, չէ՞, իմ իրավազորությունն ա, չեմ ստուգում: Բայց պարզ ա, չէ՞, որ պարտադրել են թուրքերը այդ իրավազորությունը», - նշեց Արթուր Խաչատրյանը:

Ազգային ժողովի նախագահն այսօր վստահեցնում էր՝ հնարավոր չէ, որ հայկական տարածքով, օրինակ, ռումբ տեղափոխեն, և Հայաստանի իրավասու կառույցներն անտեղյակ լինեն: Իսկ թե ինչ մեթոդով են տեղեկանալու, Սիմոնյանն ասաց՝ այժմ կողմերը լուծումներ են փնտրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG