Ադրբեջանում լրագրողների դեմ ճնշումների նոր ալիք է սկսվել. վերջին օրերին առնվազն 10 լրագրող և ակտիվիստ է ձերբակալվել: Ընդորում՝ վեց լրագրող ձերբակալվել է մեկ օրում: Հինգը Բեռլինում հիմնված, ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության աշխատակիցներ են: Նրանցից չորսն արդեն կալանավորվել են չորս ամսով:
Ուժայինները խուզարկել են նրանց տները, առգրավել հեռախոսները, համակարգիչներն ու անձնական իրերը։ Բոլորին ներկայացվել է մաքսանենգության մեղադրանք, որը նախատեսում է 5-ից 8 տարվա ազատազրկում: Նրանք, սակայն, չեն ընդունում մեղադրանքը և վստահ են, որ դա կապված է իրենց մասնագիտական գործունեության հետ և դրանով իշխանությունները փորձում են լռեցնել իրենց։
Ադրբեջանում այս մեղադրանքով այժմ ավելի քան 20 լրագրող և ակտիվիստ է գտնվում անազատության մեջ:
«Մեյդան» հեռուստաընկերությունը, որը հայտնի է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ, ձերբակալություններից հետո հայտարարել է, որ իրենց հետ համագործակցող լրագրողները և նրանց ընտանիքները ենթարկվել են հետապնդումների, ձերբակալումից առաջ նրանց ապօրինաբար արգելվել է լքել երկիրը, իսկ այս ողջ ընթացքում հատուկ ծառայություններն իսրայելական արտադրության Pegasus լրտեսող ծրագրով հետևել են նրանցից շատերին:
Ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների հերթական ալիքը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքի Ադրբեջան այցից հետո։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դեկտեմբերի 6-ին հանդիպել էր ամիսներ առաջ բանտարկված լրագրողների և ակտիվիստների հարազատների հետ։
Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիքը լրագրողներով չի սահմանափակվում: Օրերս ձերբակալվել է նաև քաղաքագետ, Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Գասըմլին:
Նա որպես վկա հարցաքննվել է մի քանի քրեական գործերով: Գասըմլին իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության հայտնի քննադատներից է։ Իր վերջին հարցազրույցներում պնդում էր, որ երկրում նոր թափ առած ձերբակալությունների ալիքը պայմանավորված է Կրեմլի հետ նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի մերձեցմամբ:
Գասըմլիի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը սպասվում է այսօր:
Անցած շաբաթ էլ կալանավորվել էր հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, որը մարդու իրավունքների ոլորտում ծավալած գործունեության համար այս շաբաթ պետք է մրցանակ ստանար անձամբ ԱՄՆ պետքարտուղարից:
Ըստ փաստաբանի՝ իշխանություններն իմացել էին մրցանակի մասին և կալանավորել նրան՝ փորձելով և՛ խափանել մրցանակաբաշխությունը, և՛ պատժել Սաֆարովին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024-ի զեկույցում մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 164-րդ տեղը՝ համարվելով անազատ երկիր: Զեկույցում նշվում է, որ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած դրսևորում և 2014 թվականից ի վեր անողոք պատերազմ է վարել երկրում մնացած բոլոր քննադատների դեմ:
Հենց 2014 թվականին և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանն ընդունեց օրենքներ, որոնք խիստ սահմանափակեցին հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ֆինանսավորումն արտերկրից: Դրանից հետո ավելի քան 50 միջազգային կազմակերպություն լքեց Ադրբեջանը։
2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում կար 303 քաղբանտարկյալ: Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 300-ը։