Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն դատարանում հայտարարել է, որ իրեն հետապնդում են իր մասնագիտական գործունեության՝ տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների համար, որոնք հրապարակվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից։ Ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ քննիչներն իրեն կեղծ մեղադրանքներ են առաջադրել մասնավորապես իրեն ներքաշել Abzas Media-ի հետ կապված քրեական գործում։
«Երևի մտածել են՝ արդեն պատրաստի քրեական գործ ունենք, սրան էլ ավելացնենք և անցնենք առաջ: Դատախազությունը նույնիսկ «պաշտոն» է տվել ինձ Abzas Media-ում, իբր ես այնտեղ տնտեսագետ էի և աշխատում էի գրասենյակում», - երեկ դատարանում հայտարարել է Մեհրալիզադեն։
«Ազատության» ադրբեջանական ծառայության աշխատակիցը նաև պատմել է իր ձերբակալության մասին՝ 2024 թվականի մայիսի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում աշխատանքի գնալիս իրեն «կանգնեցրել են ոստիկանները, պայուսակ են դրել գլխին ու տարել ոստիկանություն՝ չասելով, թե ուր են տանում»։ Լրագրողի խոսքով՝ Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչությունում իրեն ֆիզիկական և հոգեբանական ճնշումների են ենթարկել, որպեսզի հայտնի իր հեռախոսի գաղտնաբառը։
Մեհրալիզադեն պնդում է՝ իրեն առաջին իսկ օրն են ասել իր դեմ քրեական հետապնդման իրական պատճառը:
«Այնտեղ մի ոստիկան կար, որն ինձ ասաց՝ երիտասարդ տղա ես, քեզ պե՞տք է «Ազատություն» ռադիոկայանը, գլուխդ կախ քո կյանքով ապրի», - պատմել է լրագրողը՝ շեշտելով, որ իր դեմ հարուցված քրեական գործում, սակայն, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի անունը որևէ ձև չի հիշատակվում։
Մերհալիզադեն իր հեղինակած հոդվածներում մասնավորապես քննադատում էր Ալիևի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը՝ պնդելով, որ Ադրբեջանի համար լուրջ ռիսկեր է ստեղծում այն փաստը, որ երկրի արտահանման 90 տոկոսը և բյուջեի եկամուտների 50 տոկոսը ապահովում է նավթագազային հատվածը, նաև մեղադրում իշխանություններին գործազրկության և աղքատության իրական վիճակագրությունը թաքցնելու համար։