Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ պահանջելով «ամբողջական փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար»:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը հղում է անում 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին կոնվենցիային (Բեռնի կոնվենցիա), պնդելով, որ Հայաստանը, այդ փաստաթղթին միանալով, իրավական պարտավորություններ էր ստանձնել։
«Տարածքները օկուպացիայից ազատագրելուց հետո Ադրբեջանը վերհանել է Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր: Այդ երկիրը չի պաշտպանել կենսաբազմազանության ամենահարուստ կետերից մեկում կենսաբնակավայրերն ու տեսակները: Հայաստանի գործողությունները լրջագույն անդառնալի վնաս են հասցրել տարածաշրջանի կենդանական աշխարհին և տեսակներին»,- ասված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում:
Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում «լայնածավալ անտառահատումներ, հանքարդյունաբերության անարդյունավետ աշխատանքներ է իրականացրել, հիդրոէլեկտրակայանների կառուցել»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի Հանրապետությանը սպառնում է «միջազգային պատասխանատվության ենթարկել»:
Բաքուն հիշեցնում է, որ ավելի վաղ՝ 2023 թվականի հունվարին, Հայաստանին ծանուցել է «վերոնշյալ ապացույցների հիման վրա արբիտրաժային վարույթ սկսելու մասին»։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է՝ «Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի թալանին մասնակցել է ոչ միայն Հայաստանը»։ Բայրամովը, սակայն, հրաժարվել է հստակեցնել, թե որ երկրներին նկատի ունի:
Դեռ 2021թ.-ին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգայնորեն արգելված զենքերի մասշտաբային կիրառման հետևանքով շրջակա միջավայրին անդառնալի վնաս է հասցվել՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։
Այդ ժամանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ խոսքը մի քանի հազար հեկտար անտառային տարածքների մասին է:
«Որից մի քանի հարյուր հեկտարը հանրապետության հյուսիսարևելյան, մասնավորապես, Արծվաբերդի անտառտնտեսության տարածքներում և մնացածը հարավարևելյան Սյունիքի մարզի 2 անտառտնտեսությունների, մասնավորապես, Գորիսի և Կապանի անտառտնտեսությունների տարածքներում։ Արցախի հարավային հատվածներում շատ ավելի լայն մասշտաբներ ենք վկայակոչել, սակայն, ցավոք, այդ տարածքները այս պահին մեր տիրապետման ներքո չեն, մենք հասանելիություն չունենք, ավելի մանրամասն այդտեղի իրավիճակի հետ կապված չենք կարողացել փաստեր ներկայացնել», - տարիներ առաջ ասել էր նա։