«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն էական քայլեր չի ձեռնարկել՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը, կամ վերականգնելու նրանց սեփականության իրավունքները»,- հայտարարում է միջազգային Human Rights watch կազմակերպությունն՝ անցած շաբաթավերջին հրապարակած տարեկան զեկույցում։
Նույն զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ ողջ 2024-ին «հանրային քննարկումներում գերակշռում էր անապահովության զգացումը՝ Ադրբեջանի հետ դեռևս չկարգավորված հակամարտության պատճառով»։
ՀՀ ներքաղաքական հարցեր
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ հեղինակավոր կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ խոսում է
հայաստանյան ոստիկանության կողմից արձանագրված չարաշահումների, ու դրանց համար համարժեք պատժի բացակայության մասին։
Օրինակ բերելով հունիսի 12 -ին խորհրդարանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները՝ Human Rights watch-ը գրում է՝ «իրավապահները, ըստ հաղորդումների, մեծ քանակությամբ ձայնային նռնակներ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ՝ մոտ տարածությունից, ինչից հետո հարյուրից ավելի մարդ դիմեց բժշկական օգնության»։
Նշվում է, որ «հայաստանյան օրեսդրությունն ոստիկաններին իրավական հիմք չէր տալիս կիրառել ձայնային այն նռնակները, որ գործի են դրվել հունիսի 12-ին», և որ միայն դրանից շաբաթներ անց՝ հուլիսին են իշխանությունները դրանք ներառել Ներքին գործերի նախարարության զինանոցում։ Միաժամանակ, զեկույցը փաստում է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն բացահայտում, թե հատուկ այդ միջոցներն այսուհետ որ պայմաններում կարող են կիրառվել։ Հստակ է միայն, որ այդ դեպքերից ավելի քան կես տարի անց իրավապահները 15 ցուցարարի առաջադրել են խուլիգանության, մեկին էլ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանք։ Ու թեև հետաքննություն է ընթանում նաև ոստիկանության գործողությունների շուրջ, նրանց դեռ որևէ մեղադրանք չի առաջադրվել։
Ոստիկանության անպատժելիության մասին
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ոստիկանության անպատժելիության մասին գրեթե նույնաբովանդակ դիտարկում էր արել նաև նախորդ տարի։
Այս անգամ առանձին անդրադարձ կա նաև Սամվել Վարդանյանի գործին, ով ձերբակալվել էր անցած ապրիլին՝ իշխանական պատգամավորի հետ վիճաբանությունից հետո։ Զեկույցը հիշեցնում է՝ երիտասարդն ահազանգել էր, թե ոստիկանների կողմից կալանավայր տեղափոխվելու ճանապարհին հարձակման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։ Ու թեև իշխանությունները հետաքննել են այս ահազանգը, միջադեպից ավելի քան կես տարի անց որևէ մեկի մեղադրանք դեռ չի առաջադրվել։
HRW-ն նաև դրական զարգացումներն է նշել
Որպես դրական զարգացում նշվում է՝ կառավարությունը հրաժարվեց տեսխցիկների մասին վիճահարույց օրենքից, որի ընդունման դեպքում
Երևանում աշխատող մասնավոր ընկերությունները պետք է շենքերի մուտքերին տեսախցիկներ տեղադրեին՝ շուջօրյա հասանելիություն ու ըստ պահանջի ձայնագրություններ տրամադրելով ոստիկանությանը։
«Սա կլիներ կամայական ու չհիմնավորված ոտնձգություն մարդու անձնական կյանքի իրավունքի դեմ», - փաստում է միջազգային կազմակերպությունը, հիշեցնելով, որ այս մասին մի քանի նամակ է ուղարկել Հայաստանի կառավարությանը, մինչև որ վերջինս որոշել է ետ կանգնել այդ նախաձեռնությունից։
Տեղեկատվության ազատության ու կարծիքների արտահայտման բաժնում նշվում է, որ 2024-ի առաջին կես տարվա ընթացքում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» փաստագրել է լրագրողների և օպերատորների դեմ ֆիզիկական բռնության 14 դեպք՝ ոստիկանության ու անհայտ անձանց կողմից, ինչպես նաև այլ տիպի ճնշումների 43 դեպք։
Քաղաքական գործիչները և գործարարները շարունակել են զրպարտության մեղադրանքներ ներկայացնել լրագրողներին ու լրատվամիջոցներին՝ ներքաշելով նրանց իրավական երկար վիճաբանությունների մեջ՝ ֆինանսական խոշոր տույժերի սպառնալիքի ներքո։ Մյուս կողմից, որպես դրական միտում, Human Rights watch-ը նշում է՝ «գնալով ավելանում են դեպքերը, երբ այդ վեճերը հարթվում են լրատվամիջոցների էթիկայի հանձնախմբի միջոցով՝ դատարան գնալու փոխարեն»։
Անդրադարձ սոցիալական խոցելի խմբերի խնդիրներին
Սոցիալական խոցելի խմբերի մասով զեկույցը նշում է՝ հունիսին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց խտրականության դեմ օրենքը, որը որպես պաշտպանության հիմք չի մատնանշում սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը, առողջական վիճակը, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակը։
«Որոշ պաշտոնյաներ հակադարձում էին, թե դրանք ենթադրվում են՝ նախագծում շարադրված այլ իրավունքների համատեքստում։ Սակայն, եթե այդ խնդրներն անուն առ անուն չհստակեցվեն, վարչական մարմիններն ու դատարանները հետագայում կարող են դրանք անտեսել՝ ստիպելով տուժողներին դիմել վերաքննության, ու ստեղծելով հավելյալ խոչընդոտներ նրանց պաշտպանության համար։
Օրինագիծը նաև որևէ դրույթ չի պարունակում, որն իրավունք կտա հասարակական կազմակերպություններին տուժողների անունից դիմել դատարան, մի բան, որի համար տեղական կազմակերպությունները պայքարում են տևական ժամանակ», - նշում է Human Rights watch-ը։
Անդրադառնալով ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցողների խնդիրներին՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը փաստում է, որ նրանց համար դեռ չկա «համայնքահեն ծառայությունների համալիր ծրագիր։
Նշվում է նաև, որ անցած մայիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը լուծարել է 2018-ին ստեղծված անկախ հանձնաժողովը, որը մշտադիտարկում էր՝ ինչպես են աշխատում երեխաների, տարեցների ու հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կառույցները։
«Իշխանությունները հայտարարեցին, թե նախարարությունը նման խումբ հիմնելու լիազորություն չուներ, հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, այս քայլը համարում են վրեժխնդրություն՝ անկախ խմբի կողմից արձանագրված խախտումները բարձրաձայնելու համար», - հայտարարում է միջազգային կազմակերպությունը, հավելելով՝ իշխանությունները ձախողել են ըստ էության հետաքննել անկախ խմբի հայտնաբերած փաստերը։
Ընտանեկան բռնության մասով հարուցված ու հետաքննված դեպքերի թիվը անցած տարի էական ավելացել է։
2024-ի առաջին վեց ամիսներին քննվել է նման 1535 բողոք, ինչը գրեթե երեք անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։ Մեղադրանք է առաջադրվել 197 մարդու, արձանագրվել է կնոջ սպանության առնվազն չորս դեպք, երեքը՝ ընտանիքի անդամի կողմից։
Որպես դրական զարգացում զեկույցը նշում է՝ անցած տարվա ապրիլին խորհրդարանը բարեփոխել և ամրապնդել է ընտանեկան բնությանը վերաբերող օրենսդրությունը, հստակեցնելով, որ նման մեղադրանք կարող է առաջադրվել նաև նախկին կամ ներկա զուգընկերներին, ինչպես նաև գրանցված ամուսնության մեջ չգտնվող անձանց։
Սեռական փոքրամասնությունների բաժնում նշվում է, որ այս անձնինք շարունակում են ենթարկվել խտրականության, բռնության ու ճնշումների։
«Տեղական իրավապաշտպան խմբերը և ակտիվիստները անցած տարվա առաջին յոթ ամսվա ընթացքում արձանագրել են սեռական փոքրամասնությունների դեմ ֆիզիկական բռնության 39 դեպք, գերակշիռ մասը՝
27-ը, ընտանիքների անդամների կողմից», - ասում է զեկույցը՝ հավելելով՝ «Արձանագրվել են նաև դեպքեր, երբ այս խմբերի ուսանողները դուրս են մնացել ուսումնական հաստատություններից՝ նվաստացման ու ծաղրի պատճառով։
Փաստագրված մեկ դեպքով երեխաների օժանդակ կենտրոնի տնօրենը ենթադրաբար բացահայտել է աշակերտի սեռական կողմնորոշումը, արհամարհել նրան ու արգելել մյուս երեխաներին շփվել աղջկա հետ»։
«Խտրականության ու նվաստացման վախը, ինչպես նաև պաշտոնական մարմինների նկատմամբ վստահության պակասը շարունակում են խանգարել, որ հալածյալները բարձրաձայն խոսեն իրենց նկատմամբ ատելության մասին», - հայտարարում է Human Rights watch -ը, հավելելով՝ իրավապաշտպանների հաղորդմամբ, այսպիսի հանցագործությունների քննությունը հաճախ արդյունավետ ու համոզիչ չէ։