Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարությամբ տեղեկացնում են Գուսարի շրջանում ծայրահեղական խմբավորման չեզոքացման մասին։
Հաղորդվում է, որ խմբավորման 8 անդամ սպանվել է զինված դիմադրության ընթացքում, 6 անձ էլ ձերբակալվել է, հատուկ գործողությունների ընթացքում վիրավորվել է մեկ ուժային։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խմբավորումը, որի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են, ահաբեկչություն է նախապատրաստել և այդ նպատակով Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի շրջակայքում գտնվող անտառներում ստորգետնյա ապաստարաններ են ստեղծել՝ զենք-զինամթերքով հագեցած։
«Ապաստարանների զննությամբ հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման համար օգտագործվող նյութեր, երկու «Կալաշնիկով» ինքնաձիգ, երեք որսորդական հրացան, պարկուճ, միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կազմակերպության դրոշ», - ասված է Ադրբեջանի իրավապահ կառույցների հայտարարությունում՝ առանց հստակեցնելու, թե ինչ խմբավորման մասին է խոսքը։
Ադրբեջանի ուժային գերատեսչությունները չեն նշում նաև, թե երբ են տեղի ունեցել հատուկ գործողությունները։