Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարները։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը և «խաղաղ գործընթացում առկա խնդիրները»։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և անհիմն զրպարտչական արշավի կապակցությամբ»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Պաշտոնական Բեռլինը հանդիպման մասին մանրամասներ առայժմ չի հայտնել։
COP29-ին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող գերմանական դիվանագիտության ղեկավարը երեկ հայտարարել է՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը խիստ մտահոգիչ է։ Բերբոքը շեշտել էր նաև, որ ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը բարձրացնելու է նախարար Բայրամովի հետ հանդիպմանը։