Մատչելիության հղումներ

Բայրամովը Հաքին է «ներկայացրել կարգավորման գործընթացի խոչընդոտները»


Հայաստանի և Ադրբեջանի դրոշները
Հայաստանի և Ադրբեջանի դրոշները

ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ Բայրամովը Հաքին «տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև այդ ճանապարհի խոչընդոտների մասին»։ Թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, հայտարարությունում չի հստակեցվում։

Խաղաղության պայմանագրի տեքստը մոտ երկու ամիս առաջ համաձայնեցվեց, ու չնայած այն շուտափույթ ստորագրելու Երևանի պատրաստակամությանը, Բաքուն միանգամից նախապայմաններ ներկայացրեց՝ պահանջելով փոխել Հայաստանի Սահմանադրությունն ու լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Մինսկի խումբի լուծարմանը հայկական կողմը պատրաստ է՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելուն, Արդարադատության նախարարությունը Մայր օրենքի նոր տեքստ է գրում: Թեև պնդում են՝ դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ։

Օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ առանց լրացուցիչ մանրամասների, հայտարարեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն։ «Մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ այժմ պատրաստ ենք: Իհարկե, ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից: Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն», - ասել էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ պարզաբանել էր՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արտգործնախարարի լավատեսությունը հիմնված է Հայաստանի տրամադրվածության վրա:

«Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս, բայց պետք է էդ լավատեսությունը երկուստեք արտահայտվի». - ասել էր Խանդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG