Մատչելիության հղումներ

Ադրբեջանական վառելիք ներկրելու համար հայաստանյան որոշ ընկերություններ բանակցությունների մեջ են. Պապոյան

Լրացված

Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. Մհեր Գրիգորյան


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման հարցի շուրջ, փոխվարչապետն այսօր պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:

«Ազատությունը» նաև հարցրել էր փոխվարչապետին, թե ադրբեջանական վառելիքի ներկրման ի՞նչ ծավալների մասին է խոսքը, հայաստանյան ո՞ր ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել, ի՞նչ գնի շրջանակներում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին, և արդյո՞ք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ: Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը նշել է. «Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական»:

Այն, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, հայաստանյան հանրությունը տեղեկացավ ադրբեջանական կողմից: Անցած շաբաթ միջազգային ֆորումում այդ մասին հայտարարեց Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա նշել էր, որ սահմանազատման գործընթացին զուգահեռ փոխվարչապետերը քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ, և որ այժմ քննարկվող ոլորտներից մեկը նավթի և նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան:

Ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի, փոխադարձ առևտրի էլ ի՞նչ ոլորտներ են դիտարկում Հայաստանն ու Ադրբեջանը. այս հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով, որ «այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են»:

Ադրբեջանական վառելիք ներկրելու համար ՀՀ որոշ ընկերություններ բանակցությունների մեջ են. նախարար


Այսօր հայտնի դարձավ նաև, որ այս պահին արդեն իսկ հայաստանյան կոնկրետ ընկերություններ, որոնք հետաքրքրված են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ, բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, սակայն, չցանակացավ տալ այդ ընկերությունների անունները՝ դա պայմանավորելով առևտրային գաղտնիքով:

«Չեմ կարող ասել, որ այս փուլում դա ասելը շատ խնդրահարույց է, այսինքն՝ դա իրենք պետք է հայտարարեն, իրենց առևտրային գաղտնիքն է», - ասաց նախարարը:

Հարցին, թե ադրբեջանական վառելիքը մրցունակ կարո՞ղ է լինել հայաստանյան շուկայում, այն պարագայում, երբ Հայաստանը հիմնականում վառելիք ներկրում է Ռուսաստանից, նախարար Պապոյանը պատասխանեց. «Եթե մրցունակ եղավ, կմտնի շուկա, եթե չեղավ, ապա չի մտնի»:

Գևորգ Պապոյանը հավելեց, որ պետության գործը մրցունակության վրա ազդելը չէ. «Պետության գործը հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծելն է: Մնացածը մասնավորը պետք է բանակցի, խոսի: Դրանք հարցեր են, որոնց միայն գործարար շրջանակը կարող է պատասխանել»:

Իսկ այս պահին կա՞ որևէ ընկերություն, որ արդեն ներկրել է ադրբեջանական վառելիք, թե՞ առայժմ միայն բանակցությունների փուլն է, Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական վառելիքը ներկրվի, այս մասին կհայտարարվի:

Բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ լռում են


Վառելիքի, մասնավորապես, բենզինի հայաստանյան շուկայում առաջատար են մի քանի ընկերություններ: Դրանցից մեկը գործարար Աշոտ Սալազարյանին պատկանող «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ն է: Ի դեպ CPS -ը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 7-րդ խոշոր հարկատուն է և վճարել է 19 միլիարդ դրամի հարկ: «Ազատությունը» հարցում է ուղարկել ընկերությանը՝ փորձելով պարզել, թե արդյոք «Սի Փի Էս»-ը հետաքրքրված է ադրբեջանական վառելիքի ներկրմամբ: Ընկերությունից փոխանցեցին, թե հարցին կպատասխանեն, եթե նպատակահարմար համարեն:

Վառելիքի ներկրմամբ զբաղվող երկրորդ խոշոր ընկերությունը գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ»-ն է: Այս ընկերությունն էլ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 22-րդ տեղում է և վճարել է 11 միլիարդ դրամ: Ընկերության գլխավոր տնօրեն Սանսար Բեգլարյանն այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, մասնավորապես, թե արդյոք հետաքրքրվա՞ծ են ադրբեջանական վառելիքի ներկրմամբ:

Բենզնի և դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող «Մաքս օյլ»-ը խոշոր հարկատուների ցանկում 24-րդ տեղում է՝ մոտ 10 միլիարդ վճարած հարկով: Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերության սեփականատերն է Հանրապետական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին՝ Էդգար Փամբուկյանը:

Խոշոր ընկերությունների շարքում է նաև իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալի» մեջ մտնող «Մեգա թրեյդ» ընկերությունը, որը խոշոր հարակատուների ցուցակում 34 -րդն է՝ շուրջ 7.3 միլարդ դրամ վճարած հարկով:

«Մեգա թրեյդը» վերջերս շուկա մտած Gulf Armenia-ի 50 տոկոսի բաժնետերն է: Մյուս 50 տոկոսը պատկանում է օտարերկյա շահառուներ ունեցող «ԱՆԻՍ ՓԵՏՐՈԼԵՈՒՄ»-ին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG