Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նոր օրենքը Ալիևի նախկին փեսային կօգնի Կասպից ծովում շքեղ բնակելի համալիր կառուցել


Ալիևների կեսդարյա իշխանության օրոք Ադրբեջանի առաջին ընտանիքը և ռեժիմի ներկայացուցիչները հսկայական ունեցվածք են կուտակել տնտեսության բազմաթիվ ոլորտներում։

Ինչպե՞ս - կեղծ ընկերությունների օգնությամբ, կաշառքի և առանցքային թույլտվությունների չարաշահման միջոցով։ Այժմ էլ մի նոր, մանրակրկիտ մշակված և ճիշտ ժամանակին ընդունված օրենք նախագահ Իլհամ Ալիևի երկվորյակ թոռների հորը կօգնի հսկայական շահույթներ ստանալ։

«Ազատություն» ռադիոկայանի նոր հետաքննությունը պարզել է, որ ադրբեջանական նոր օրենքի գլխավոր շահառուն Ալիևի նախկին փեսա, ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի օլիգարխ Արաս Աղալարովի որդին է՝ Էմին Աղալարովը, որը ցանկանում է Կասպից ծովի ափամերձ տարածքի երկայնքով արհեստական հողատարածքներ կառուցել, օրինականացնել ու շահագործել։

Caspian Dream Liner բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել ծովափնյա ամենապահանջված հատվածում, որը կոչվում է Sea Breeze Resort, շքեղ տարածքը գտնվում է Բաքվից ընդամենը 30 րոպե հեռավորության վրա։

Աղալարովի Crocus Group ընկերությունը կամ նրա կապալառուները անցած տարվանից սկսել են 4,5 քառակուսի կիլոմետրանոց արհեստական թերակղզի կառուցել, որի վրա էլ պետք է սփռվի Caspian Dream Liner բնակելի համալիրը՝ զբոսաշրջային նավի տեսքով 11 հարկանի շենքը։

Շինարարություն՝ համապատասխան օրենսդրության բացակայության պայմաններում

Արհեստական հողատարածքի շինարարությունը փաստացի իրականացվել է համապատասխան օրենսդրության բացակայության պայմաններում։ Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարել ինչպես Աղալարովին, այնպես էլ Ալիևի ընտանիքի անդամներին գովազդել գերթանկարժեք նախագիծը․ խոսքը 55-ից 660 քառակուսի մետր մակերեսով 226 բնակարանների մասին է. Այստեղ քառակուսի մետրի գինը սկսվում է 6500 դոլարից, իսկ սա մոտ տասն անգամ գերազանցում է Բաքվի շուկայական միջին արժեքը։ Կառուցապատողը խոստանում է բնակարանները վաճառքի հանել արդեն 2027 թվականին։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը չի պատասխանել Ալիևի նախկին փեսայի նախագծի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։

Աղալարովը և Sea Breeze Resort-ի ղեկավարությունը ևս չեն արձագանքել այդ պատմությունը մեկնաբանելու լրատվամիջոցի խնդրանքին։ Agalarov Development ընկերությունից միայն հայտնել են, որ չեն կարող արագ ուսումնասիրել հարցումները՝ «նախագծերի հսկայական քանակի պատճառով»։

Էմին Աղալարովի հայրը ռուսաստանցի միլիարդատեր Արաս Աղալարովն է։ Հայր ու որդի ղեկավարում են Ռուսաստանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը՝ Crocus Group-ը։ Բիզնես գործունեությանը զուգահեռ Աղալարով կրտսերը նաև փոփ երգիչ է։ Նրա տեսահոլովակներից մեկում նկարահանվել են գեղեցկության համաշխարհային մրցույթի տասնյակ մասնակիցներ և անձամբ Դոնալդ Թրամփը։ Մինչ նախագահ ընտրվելը Miss Universe Organization-ը պատկանում էր Թրամփին։

Հայր և որդի Աղալարովները Դոնալդ Թրամփի հետ, արխիվ
Հայր և որդի Աղալարովները Դոնալդ Թրամփի հետ, արխիվ

Միլիարդատիրոջ որդին Ադրբեջանի նախագահի ավագ դստեր՝ Լեյլայի հետ ամուսնացել է 2006 թվականին, զույգը երկու որդի ունի։ 2015-ին նրանք առանձնացել, ապա ամուսնալուծվել են։ Չնայած դրան Աղալարովը շարունակել է Ադրբեջանում իր բիզնես գործունեությունը։

2023-ին ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը վկայակոչել է նրա հայտարարությունը, թե Caspian Dream Liner-ի բնակելի համալիրը մտադիր է կառուցել 200 -250 միլիոն դոլարով, բայց խոստովանել է, որ այդ հարցում մեկ նրբություն կա․ «Ես անմիջապես կսկսեմ [աշխատել այդ ուղղությամբ], եթե թույլտվություն ստանամ»։

Արհեստական թերակղզին, որի վրա պետք է վեր խոյանա Աղալավորի բնակարանային համալիրը՝ հարակից ռեստորաններով, սրճարաններով, հանգստի գոտիներով և այլ ժամանցի վայրերով, երբեք չի հիշատակվել Բաքվի քաղաքաշինության և զարգացման գլխավոր պլանում։ Այդ փաստաթուղթն ադրբեջանական կառավարությունը ներկայացրել է 2023 թվականի վերջին օրը։ Ըստ Բաքվի զարգացման 15-ամյա պլանի՝ Sea Breeze Resort -ը զբոսաշրջային և խոշոր կոմերցիոն նախագիծ է, որին առնչվող այլ փաստաթղթերում արհեստական հողատարածքների, բնակելի համալիրի մասին որևէ խոսք չկա։

«Նախագիծն իրականացվում է «բացառության» սկզբունքով»

Իրավիճակին ծանոթ աղբյուրը, որը հաշվեհարդարի մտավախության պատճառով ցանկացել է անանուն մնալ, «Ազատությանը» պատմել է, որ պաշտոնական շինթույլտվություն գոյություն չունի ու նախագիծն իրականացվում է «բացառության» սկզբունքով։ Այլ մանրամասներ նա չի հայտնել նշելով, որ իրավունք չունի հրապարակավ քննարկել նախագիծը։

Իսկ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Աղալարովը երբեք փաստաթուղթ չի ներկայացրել գերատեսչությանն այն մասին, թե ինչպես կազդի շրջակա միջավայրի վրա արհեստական թերակղզու կառուցումը, թեև նոր օրենքը ունի նման պահանջ։

Google Earth և Planet Labs-ի արբանյակային լուսանկարները միևնույն ժամանակ վկայում են, որ Աղալարովը թույլտվությանը սպասելու վրա ժամանակ չի վատնել՝ սրընթաց կերպով շարունակելով շինարարությունը։ Ապրիլ ամսվա դրությամբ արհեստական թերակղզին արդեն գրեթե վերջնական տեսք ուներ։

«Նա պարզապես վարձակալել է տարածքը»

Ալիևի գլխավորած իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ, որոնց հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, օրենքի ընդունման օրը, հրաժարվել են պատասխանել նոր օրենսդրության և վիճահարույց բիզնես նախագծի մասին հարցերին։

«Մենք ստեղծել ենք օրենք, որպեսզի նման բաները անօրինական չլինեն»,- ասել է պատգամավոր Թահիր Քերեմլին։

Իշխանամետ պատգամավորը նաև հավելել է, որ նոր օրենքը սեփականության իրավունք չի շնորհում նման արհեստական հողատարածք ստեղծողներին։

Ընդհակառակը, նրա և այլ պատգամավորների խոսքով՝ արհեստական եղանակով ստեղծված հողատարածքները մնում են ադրբեջանական պետության սեփականությունը և միայն վարձակալության կարող են տրվել առևտրային կամ այլ գործընկերների։

«Նա պարզապես վարձակալել է տարածքը», - Աղալարովի և նրա Dream Liner նախագծի մասին խոսելիս ասել է պատգամավոր Քերեմլին։

Օրենքը, սակայն, նաև վարձավճարից է ազատում Աղալարովի պես ներդրողներին։

«Արհեստական թերակղզին կառուցվել է դեռևս օրենքի ընդունումից առաջ»

«Հարկային արտոնություններն ու այլ զիջումները կիրառվում են ներդրողներին ներգրավելու համար, նման մոտեցումը ընդունված է միջազգային պրակտիկայում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին։

Մասնագետը, սակայն, կարծում է, որ միայն արտոնությունները բավարար չեն ներդրողներին հրապուրելու և Ադրբեջանում ազատ ու մրցակցային միջավայր ստեղծելու համար։

«Ներդրողներին վստահություն է պետք առ այն, որ երկրում կա ազատ դատական համակարգ։ Ներդրողները պետք է վստահ լինեն, որ վաղը ոչ ոք չի խլի իրենց բիզնեսը, որում իրենք ներդրում են կատարել»,- ընդգծել է տնտեսագետ Ջաֆարլին։

Նոր օրենքը ուսումնասիրած իրավաբան Ասաբալի Մուստաֆաևը, ով իշխանությունների հետ կոշտ հակասությունների պատճառով կորցրել է փաստաբանական լիցենզիան, նշել է, որ Caspian Dream Liner բնակելի համալիրի համար արհեստական թերակղզին կառուցվել է դեռևս օրենքի ընդունումից առաջ։

«Այժմ կարող եք հարցնել՝ պետությունը Աղալարովից պահանջելո՞ւ է արդյոք թարմացնել փաստաթղթերը, կրկին դիմելո՞ւ են շինթույլտվություն ստանալու համար։ Ես կարծում եմ, որ նման բան չի լինի, քանի որ նրանք վաղուց են այդ փուլն անցել, - ասել է Մուստաֆաևը և հավելում, - դրա համար ես չեմ կարող ասել, թե ինչպես կօրինականացվի [այդ ] ունեցվածքը, քանի որ նման բան չկա օրենքում և նման պրակտիկա գոյություն չունի»։

Աղալարովը Բաքվի իր մեգանախագիծը դեռ անցյալ տարվա մարտին ներկայացրել է Ռուսաստանի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և այլ երկրների հարյուրավոր գործարարների, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում էին ներդրումային ֆորումի։ Մեկ տարի անց նախագիծը ներկայացվել է նաև Rosbank-ի մոսկովյան մասնաճյուղում։ Խոշորագույն բանկը պատկանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Պոտանինին, որի անունը ներառված է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում որպես Կրեմլի առանցքային աջակից։

Forbes պարբերականը նկատում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ռուս գործարարների համար՝ հատկապես անշարժ գույքի շուկայում ներդրումների տեսանկյունից ամենանախընտրելի ուղղություններից է Ադրբեջանը, որը Ռուսաստանի հետ համագործակցությունը սկսել է ընդլայնել 44-օրյա պատերազմից հետո, հետագայում էլ հրաժարվելով միանալ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG