Մատչելիության հղումներ

Ադրբեջանական Meydan TV-ի լրագրողը կմնա կալանավորված. Բաքուն քննադատվում է ճնշումների համար


Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Meydan TV-ի լրագրող Այսել Ումուդովայի խափանման միջոցը փոխելու՝ փաստաբանի միջնորդությունը։ Լրագրողը մոտ 4 ամիս կմնա կալանքի տակ:

Ըստ փաստաբանի՝ Ումուդովան առողջական խնդիրներ ունի. դեկտեմբերի 11-ին մեկուսարանում նրա ինքնազգացողությունը վատացել է, և երկու անգամ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել։

Ումուդովան ընդդիմադիր Meydan TV-ի մյուս հինգ լրագրողների հետ ձերբակալվել էր դեկտեմբերի 6-ին և կալանավորվել երկու օր անց: Բոլորին ներկայացվել է մաքսանենգության մեղադրանք, որը լրագրողները չեն ընդունում՝ դա համարելով իրենց լռեցնելու փորձ:

Լրագրողների ու իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգները՝ Բաքվին հորդորելով ազատ արձակել նրանց։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ նրանք ձերբակալվել են իրենց կատարած աշխատանքի համար:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ոչ միայն այս ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ աճող բռնաճնշումներով», - հայտարարել է նա:

Լրագրողների կալանավորումը դատապարտել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ նշելով, որ այն Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատներին լռեցնելու համակարգված ռազմավարության մաս է կազմում։ Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել լրագրողներին, իսկ միջազգային հանրությանը հորդորել է աչք չփակել հիմնարար իրավունքների այս կոպիտ խախտումների վրա։

«Հազիվ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևի վարչակարգը COP29-ի ցուցադրականությունն օգտագործեց իր միջազգային հեղինակությունը շտկելու համար, այն վերսկսեց լրագրողների նկատմամբ իր անողոք ճնշումը: Meydan հեռուստաընկերության վեց լրագրողի կալանավորումը կրկին ապացուցում է, որ ռեժիմը պատրաստ է անամոթաբար թիրախավորել այն մարդկանց, որոնք համարձակվում են տեղեկացված պահել Ադրբեջանի քաղաքացիներին», - նշել է կազմակերպությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն դատապարտել է Բլինքենի հայտարարությունը՝ նշելով, որ այն խեղաթյուրում է Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հետ կապված իրավիճակը և նպատակ ունի միջամտել երկրի դատական գործընթացներին:

«Ցավոք վերջին չորս տարում Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ պետքարտուղարության գործողությունների պատճառով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, որոնք աչքի են ընկել բարեկամությամբ և համագործակցությամբ, կարելի է կորսված համարել», - ընդգծել է նա:

Ներքին գործերի նախարարությունն իր հերթին ասել է, որ ձերբակալությունները հիմնված են հանցավոր գործունեության, այդ թվում՝ մաքսանենգության մեղադրանքների արժանահավատ կասկածների վրա։ Հեռուստաընկերությունը, սակայն, կտրականապես հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները նպատակ ունեն լռեցնել լրատվամիջոցին:

Ադրբեջանում անցած շաբաթ կալանավորվել էր նաև հայտնի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը, որը պետք է մեկներ ԱՄՆ և Մարդու իրավունքների միջազգային օրը հատուկ արարողության ժամանակ մրցանակ ստանար Էնթոնի Բլինքենից: Սակայն, փաստացի չի կարողացել մեկնել և անձամբ ստանալ մրցանակը: Արարողության ժամանակ պետքարտուղարը, մատնացույց անելով Սաֆարովի դատարկ աթոռը, կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան։

«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի Ռուֆաթին ... ինչպես նաև բոլոր մյուս լրագրողներին, իրավապաշտպաններին, քաղաքական հակառակորդներին և նրանց, ովքեր անարդարացիորեն կալանավորված են», - ասել է Բլինքենը։

XS
SM
MD
LG