Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն, ըստ փորձագետի, ժամանակի վրա է խաղում


Լեռնային Ղարաբաղի հետ տեղի ունեցածը ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը դիվանագիտության ձախողում է համարում։

«Ազատության» հետ զրույցում փորձագետը շեշտեց՝ հայերը, ադրբեջանցիները, աշխարհն ավելի քան երեք տասնամյակ ունեին այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բայց տեղի ունեցավ ձախողում։

«Մենք տեսանք այն, ինչ տեսանք անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ուժ կիրառեց, որպեսզի վերջ դնի հակամարտությունը՝ վերջ տալով Լեռնային Ղարաբաղին: Այսպիսով, իմ հիմնական միտքը սա է դիվանագիտության ձախողում: Իսկ տուժել են հասարակ մարդիկ», - ասաց Թոմ դե Վաալը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Փորձագետի գնահատմամբ, Ադրբեջանն այսօր ավելի հզոր դիրքերում է և ցանկանում է հայկական կողմին պայմաններ թելադրել։

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին՝ Թոմ դե Վաալը նկատում է․ - «Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել հայկական կողմից զիջումներ կորզելու համար»։

Ընդգծելով, որ հայկական կողմն արդեն բազմաթիվ զիջումներ է կատարել՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, զիջումներ սահմանին, զիջումներ միջազգային վեճերի մեխանիզմների հարցում և այլն, փորձագետը, սա ակնհայտորեն մտահոգիչ խնդիր է համարում:

«Կարծում եմ՝ Ալիևը ժամանակ է շահում։ Նա ունի շատ կարևոր միջազգային COP29 գագաթնաժողովը, որը տեղի կունենա հաջորդ ամիս Բաքվում։ Ինչպե՞ս դա կանցնի: Նա շատ միջազգային այցելուներ կունենա: Լավ կանցնի Ադրբեջան համար, թե ոչ այնքան լավ՝ դա մեկ հարց է: Երկրորդ հարցն ամերիկյան ընտրություններն են։ Կարծում եմ, Բաքվի ընկալմամբ, Բայդենի վարչակազմը հայերի նկատմամբ բավականին համակրելի վերաբերմունք ունի: Նրանք աջակցում են Հայաստանին որպես ժողովրդավարական երկիր։ Նրանք հավատում են դրան։ Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմն ավելի քիչ ներգրավված կլինի և ավելի համակրանքով կվերաբերվի Ադրբեջանին», - ասաց Թոմ դե Վաալը շեշտելով՝ ադրբեջանական կողմը ժամանակի վրա է խաղում:

Նրա կարծիքով՝ թղթի վրա համաձայնությունը հեռու չէ, բայց այդ ամենը հիմնականում նախագահ Ալիևից է կախված, թե ի՞նչ է նա ուզում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG