Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ շեշտելով՝ հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է:
«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը», - ասել է Բադալյանը։
Լոնդոնում այսօր մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։ Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում են հենց այս գագաթնաժողովին մասնակցելու համար։
Այսօր ավելի վաղ Հաջիևը պնդել էր, թե հայկական կողմը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։
«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»,- ադրբեջանական Report կայքի հետ զրույցում ասել էր Հաջիևը։