Մատչելիության հղումներ

Abzas Media-ի կալանավորված խմբագրակազմի դեմ մեղադրանքները խստացվել են


Abzas Media-ի կալանավորված խմբագրակազմի դեմ մեղադրանքները խստացվել են, հետաքննող լրագրողներին ավելի ծանր պատիժ է սպառնում․ ադրբեջանական Abzas Media անկախ լրատվամիջոցի լրագրողների դեմ մեղադրանքները խստացվել են, նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում, այս մասին հայտնում է «Մեյդան թիվի»-ն՝ վկայակոչելով նրանց փաստաբաններին։

Անցած տարվա նոյեմբերից բանտում գտնվող հետաքննող լրագրողներին Ադրբեջանի իրավապահները մեղադրում ֆինանսական ծանր հանցանքների, այդ թվում՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու, հանցավոր ճանապարհով դրամական միջոցներ ստանալու համար։

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ կապվող մի շարք աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ բացահայտած լրագրողները կտրականապես հերքում են բոլոր մեղադրանքները և պնդում, որ իրենց նկատմամբ բռնաճնշումների ետևում անձամբ նախագահ Իլհամ Ալիևն է կանգնած, որի ապօրինի եկամուտների մասին թերթը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել։

Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն այսօր տարածած հայտարարությամբ ևս պնդում է՝ Ադրբեջանի կառավարությունը վրեժ է լուծում լրագրողներից, ովքեր «համարձակորեն բացահայտել են բարձր մակարդակի կոռուպցիան։

«Իշխանությունները պետք է չեղարկեն բոլոր մեղադրանքները Abzas Media-ի աշխատակիցների դեմ և անհապաղ ազատ արձակեն բոլոր լրագրողներին, որոնք կալանավորվել են իբր արևմտյան ֆինանսական աջակցություն ստանալու համար», - ասված է լրագրողական իրավապաշտպան կառույցի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG