Վրաստանից անջատված Աբխազիայի ինքնահռչակ հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։ Պաշտոնին հավակնում են նախկին փոխնախագահ, Կրեմլի ֆավորիտ Բադրա Գունբան, ով առաջին փուլում ստացել էր ձայների մոտ 46 տոկոսը, և ընդդիմադիր Արթուր Արձինբան, ում օգտին քվեարկել էին ընտրողների մոտ 37 տոկոսը։
Առաջին փուլից հետո, երբ պարզ էր դարձել, որ թեկնածուների միջև տարբերությունը մեծ չէ, Մոսկվան ակտիվացրել էր կապերը Սուխումիի հետ՝ իր նախընտրած թեկնածուին աջակցելու համար։
Անցած շաբաթների ընթացքում, մասնավորապես, Մոսկվան դպրոցական ավտոբուսներ է նվիրել Աբխազիային, Գունբան՝ հեռախոսազրույցներ ունեցել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի ու փոխվարչապետի հետ, Ռուսաստանի առողջապահության նախարարն էլ այցելել էր Սուխումի։
Մոսկվան Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008-ին՝ Վրաստանի դեմ կարճատև պատերազմից հետո, մինչ օր Ռուսաստանի այդ որոշմանը հետևել են միայն Սիրիան, Նիկարագուան, Վենեսուելան և կղզի-պետություն Նաուրուն։