Մատչելիության հղումներ

Աբխազիայում բանակցում են նախագահի հնարավոր հրաժարականի դեպքում նրան փոխարինողների շուրջ


Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչ Կան Կվարչիան
Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչ Կան Կվարչիան

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել նախագահի հնարավոր հրաժարականի դեպքում նրան փոխարինող թեկնածուների շուրջ, այս մասին հայտնում է «Ազատության» «Էխո Կավկազա» նախագիծը՝ վկայակոչելով Աբխազիայի ընդդիմության ներկայացուցիչ Կան Կվարչիայի հայտարարությունը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իշխանությունն առաջարկում է նախագահի պարտականությունները փոխանցել փոխնախագահ Բադրա Գյունբային, վարչապետի պաշտոնն էլ ստանձնի ընդդիմության ներկայացուցիչը։

Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային համաձայնագրի ֆոնին։ Ընդդիմադիրները պահանջում են հրաժարվել գործարքից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

Այսօր փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։

Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ բախումների ընթացքում 8 մարդ վնասվածքներ է ստացել։ Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամլո ծառայությունը հայտարարել է, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։

XS
SM
MD
LG