Արտահերթ նախագահական ընտրություններն Աբխազիայում կկայանան փետրվարի 15-ին։ Այսօր նման որոշում է կայացրել մասնակիորեն ճանաչված հանրապետության խորհրդարանը։
Աբխազիայի նախագահի պաշտոնը թափուր է մնացել նոյեմբերի 15-ին սկիզբ առած բողոքի ակցիաներից հետո, որոնց մասնակիցները գրավել էին Սուխումիի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրը։
Մի քանի օր տևած բանակցություններից հետո նախագահ Ասլան Բժանիան համաձայնել էր հրաժարական ներկայացնել։
Ներքաղաքական իրադրությունը Աբխազիայում սրվել էր Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային պայմանագրի կնքումից հետո, որի համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները հարկային արտոնություններ և ինքնահռչակ հանրապետության տարածքում անշարժ գույք գնելու իրավունք էին ստացել։