Թուրքիայից սահմանը հատելու, Արարատի մարզի Ռանչպար գյուղի տարածք անցնելու ենթադրյալ դեպքից գրեթե մեկ շաբաթ անց Ազգային անվտանգության ծառայությունը չի հստակեցնում՝ հաստատվե՞լ է սահմանահատումը, արդյոք ձերբակալվածներ կա՞ն, եթե՝ այո, ովքե՞ր են։ Գերատեսչությունից այսօր միայն հորդորեցին հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Ռանչպարի սահմանային հատվածում ռուս սահմանապահներն են ծառայում։ Նրանք էին հայկական հատվածում վնասված փշալար ու ոտնահետքեր նկատել, ինչն էլ հենց կասկածներ էր հարուցել։ ԱԱԾ-ն անցած հինգշաբթի հաղորդեց, որ տվյալներն է ստացել դեկտեմբերի 11-ին պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացնում։
Ռանչպարում բոլորն են լսել ենթադրյալ սահմանահատման դեպքի մասին։ Գյուղում հատկապես դպրոցականների ծնողներն են անհանգստացած. անցած շաբաթվանից ցածր դասարաններում սովորողներին մեծերն են ուղեկցում՝ դպրոց տանում կամ դպրոցից տուն բերում։ Ռուս սահմանապահների կողմից հսկվող սահմանը դպրոցի հարևանությամբ է, նկարահանումն այդ հատվածում արգելվում է։
Արցախից տեղահանված Մարինա Ստեփանյանն էլ թոռների համար է անհանգստանում, փորձում են երեխաների մոտ այդ թեմայով չխոսել։
Մինչ Ազգային անվտանգության ծառայությունը լռում է, Ռանչպարում հազար ու մի վարկած է պտտվում ենթադրյալ սահմանահատման վերաբերյալ։
«Մի մոմենտ խոսակցություն կար, որ երկու հոգի են անցել, դրանց ձերբակալել են… հետո շուխուռ էին գցել, թե 10 հոգի են անցել, Ռուսաստանից զանգել էին՝ դիվերսիա ա գյուղ մտել, ժողովրդին հանում են գյուղից, բայց անհանգստանալու ոչ մի բան չկա», - ներկայացրեց գյուղացիներից մեկը:
Ռանչպարի 35 տարվա ֆիզիկայի ուսուցիչ Սիմոն Թումանյանին անորոշությունն է քիչ թե շատ անհանգստացրել, չնայած հիշում է՝ անցած տարիներին էլի են լսել նման դեպքերի մասին։ Ասում է՝ ցանկալի կլիներ, որ հստակեցվեր՝ ի վերջո եղել է սահմանահատումը, թե՝ ոչ։ Չի հասկանում միայն՝ ինչն է պատճառը, որ մինչ այս պահը իրավապահները լուռ են: