Մատչելիության հղումներ

Սիրիայում ուժայինները վճռական գործողություններ են սկսել ցուցարարների դեմ


Սիրիա - Հակակառավարական ցույց Դերաա նահանգի Ջասիմ բնակավայրում, 22-ը ապրիլի, 2011թ.
Սիրիա - Հակակառավարական ցույց Դերաա նահանգի Ջասիմ բնակավայրում, 22-ը ապրիլի, 2011թ.
Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում առնվազն 25 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ երկուշաբթի կեսoրին բանակային ստորաբաժանումները` տանկերի աջակցությամբ, անցել են վճռական գործողությունների` նպատակ ունենալով վերջնականապես ճնշել քաղաքում սկիզբ առած բողոքի ալիքը:

Ականատեսների վկայությամբ` Դերաայում պարբերաբար հրետակոծության ձայներ են լսվում, շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայված:

Զինվորականները զանգվածային խուզարկություններ են անցկացրել`ձերբակալելով բողոքի ակցիաների մասնակիցներին: Իրավապաշտպանները պնդում են, որ վերջին 24 ժամերի ընթացքում ընդդիմության ձերբակալված ակտիվիստների թիվը անցել է 500-ը:

Ստեղծված իրավիճակում Արեւմուտքը սիրիական ճգնաժամի հաղթահարման ուղիներ է որոնում:

Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է. - «Մենք համոզված ենք, որ աշխարհի ցանկացած երկրում, այդ թվում եւ Սիրիայում, ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ով է լինելու իր առաջնորդը: Կառավարությանը իրենց դժգոհության մասին հայտնելու համար սիրիացիները չպետք է ենթարկվեն հարձակումների եւ սպանվեն: Սիրիայի կառավարությունը պետք է հարգի սեփական ժողովրդի իրավունքները»:

Սպիտակ տանը նաեւ չեն բացառում, որ Սիրիայի կառավարության հանդեպ կարող են նոր պատժամիջոցներ կիրառվել:

«Մենք մի շարք տարբերակներ ենք քննության առել, այդ թվում` հստակ հասցեագրված պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Փորձը ցույց է տալիս, որ կառավարության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ի վերջո ստիպում են իշխանություններին փոխել իրենց պահվածքը», - նշել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG