Մատչելիության հղումներ

Հայ իրավապաշտպանները Պետդեպարտամենտի զեկույցը անաչառ են որակում


Արտապատկերում` ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կայքէջից
Արտապատկերում` ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կայքէջից
Հայ իրավապաշտպանները ողջունում են ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հրապարակած մարդու իրավունքների 2010 թվականի զեկույցը, որը, ըստ նրանց, վերջին տարիների բոլոր զեկույցների նման բավականաչափ անաչառ է եւ ներկայացնում է հայաստանյան իրականությունը:

«Ըստ էության, անդրադարձել են Հայաստանում առկա բոլոր ցավոտ խնդիրներին, եւ որ ամենակարեւորն է` տվել են որակումներ եւ գնահատականներ` քաղբանտարկյալներն անվանվել են քաղբանտարկյալներ, քաղաքական նկատառումներով հետապնդվողները` հետապնդվողներ: Մամուլի մասին անդրադարձը մեր իրականությունն է ներկայացնում: Մնում է, որ նրանք առաջնորդվեն իրենց հրապարակած զեկույցով, զեկույցը ընդունեն որպես ուղեցույց` հայաստանյան իշխանությունների հետ իրենց աշխատանքներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի խոսքով` 2008 թվականից հետո Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանին վերաբերող մասով աչքի է ընկնում առավել խիստ գնահատականներով: Ըստ նրա` այս տարի նույնպես գնահատականների մեղմացում չի նկատվում:

«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը երեւի միակ դեսպանատունն է, որը լրջորեն հետեւում է մարդու իրավունքների վիճակին», - ասում է Դանիելյանը:

Վարդան Հարությունյանի կարծիքով` իրականության փոփոխությունը «պետք է պայմանավորված լինի հայաստանցիներով», այդուհանդերձ, 21-րդ դարում «աշխարհն այնքան բաց է եւ ազատ, որ դրսի ճիշտ եւ հետեւողական աշխատանքը կարող է նպաստել, որպեսզի Հայաստանի հաջողությունները «շատ ավելի ակնառու եւ արագ լինեն»: Ցավոք, ըստ նրա, ժամանակ առ ժամանակ Միացյալ Նահանգները եւ, հատկապես, եվրոպական կառույցները «տուրք են տալիս դիվանագիտությանը». գալիս է մի պահ, երբ, առօրյա խնդիրներից ելնելով, ստիպված են լինում հետին պլան մղել այլ խնդիրները:

«Հատկապես մարդու իրավունքները առեւտրի առարկա լինել չեն կարող», - նշեց իրավապաշտպանը` շարունակելով. - «Քաղբանտարկյալի հարցը առեւտրի առարկա չի կարող լինել, խոսքի ազատությունը չի կարող լինել առեւտրի առարկա: Ամեն ինչը կարող է լինել, բացի իմ թվարկած` մարդուն, անհատին, անձին, անձի արժանապատվությանը, անձի ազատությաններին վերաբերող խնդիրներից»:

Վարդան Հարությունյանի գնահատմամբ` Հայաստանի նման երկրում իշխանությանը թվում է, թե նման զեկույցները սովորական փաստաթղթեր են, մամուլը մի քանի օր կքննարկի ու կմոռանա: Մինչդեռ, ըստ նրա, դրանք «երկրի վրա դրվող խարան են, որից ձերբազատվելու համար տարիներ կպահանջվեն»:

Իսկ առայժմ, ըստ նրա, հայաստանյան իշխանությունները տեսնում են, որ նույն Արեւմուտքը կարող է «հանուն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամ անտեսել երկրում հարյուրից ավելի քաղբանտարկյալների գոյությունը»:

Միքայել Դանիելյանի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները միշտ էլ միակողմանի են որակել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցը, եւ ամենեւին էլ պատահական չէր, որ երկու տարի առաջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ հայտարարեց, թե զեկույցը չի արտահայտում ԱՄՆ-ի իշխանությունների տեսակետները: Հայաստանի իշխանությունների կրավորական դիրքը մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների հարցում, ըստ Դանիելյանի, պայմանավորված է, մի կողմից, ԱՄՆ-ի պետդեպարտամենտի վրա հայկական լոբբիի ճնշմամբ, մյուս կողմից` «ռազմավարական դաշնակից ու հենարան Ռուսաստանի` մարդու նկատմամբ ընդգծված անտարբերությամբ»:

«Հայաստանի իշխանությունները անքան են լկտիացած, որ շատ քիչ են ուշադրություն դարձնում զեկույցներին: Նրանք փորձում են ամեն ինչ լուծել բեմի հետեւում», - կարծում է Դանիելյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG