Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինուժը վերսկսում է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Նա այս հայտարարությունն արել է Financial Times-ին տված հարցազրույցում՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ։
«[Նավթավերամշակման գործարաններին հարվածելու] արգելքը հանվել է։ Բավական է», - ասել է նա:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ռուսական նավթային օբյեկտներին հարվածները դադարեցրել է՝ ԱՄՆ նախագահի պահանջները կատարելու համար, մինչդեռ Մոսկվան «շարունակում է ռմբակոծել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և սպանել խաղաղ բնակիչների»։
Նա հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայում ավելի քան 100 մարդ է զոհվել ռուսական հարվածներից։
Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ չնայած Ուկրաինան չի թիրախավորել ռուսական նավթավերամշակման գործարանները, ուկրաինական ուժերը մնացել են առանց վաղ նախազգուշացման ամերիկյան համակարգերի՝ բալիստիկ հրթիռների մասին տեղեկանալու համար, իսկ Starlink ծառայությունը դանդաղել է ամբողջ երկրում՝ խոչընդոտելով առաջնագծում գործողություններին և ռուսական ռազմական օբյեկտների դեմ միջին հեռահարության հարվածներին։
Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան կողմն ավելի վաղ ուկրաինացի զինվորականներին զգուշացրել էր, որ կդադարեցնի հետախուզական տվյալների փոխանակումը, չնայած, ըստ նրա, դա հետագայում Կիևին ներկայացվել է որպես տեխնիկական խնդիր։ Նա նշել է, որ Starlink արբանյակային համակարգի անսարքությունները տեխնիկական խնդիր չեն եղել, այլ «ցանկություն»։ Starlink-ի սեփականատեր Մասկն ինքն է ասել, որ ԱՄՆ կառավարությունն է դանդաղեցրել Starlink կապն Ուկրաինայում:
Վաշինգտոնի և Կիևի միջև հարաբերությունները կրկին վատթարացան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Կրեմլի հետ «դիզելային գործարք» կնքեց, որը Մոսկվան որպես հաղթանակ ընդունեց։ Այդ մասին հայտարարվեց ուկրաինական պատվիրակության ԱՄՆ կատարած այցի ժամանակ։ Միաժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինային «նոր նախագահ է պետք»։
Հոկտեմբերի 11-ին Թրամփը TruthSocial սոցցանում հայտարարեց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև «էներգետիկ հրադադարի» մասին։ Այնուհետև Զելենսկին հստակեցրեց, որ ինքը ոչինչ չգիտի դրա մասին, բայց հետո համաձայնեց չհարվածել ռուսական նավթային օբյեկտներին։ Կրեմլը նաև հրաժարվեց հաստատել «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ համաձայնագիրը՝ նշելով, որ բանակցությունները շարունակվում են։
Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանը հարվածեց Կիևի և շրջակա տարածաշրջանի երեք ջերմաէլեկտրակայանների՝ Ուկրաինայի մայրաքաղաքի մի մասը թողնելով առանց էլեկտրաէներգիայի։