Հայաստանի արտգործնախարարն այսօրվա ասուլիսում նկարագրել է անկլավների հարցով հնարավոր լուծումները, որոնց մեկն էլ այսօրվա իրավիճակի պահպանումն է, երբ Հայաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները մնում են երկրներին:
«Լուծումներից մեկն սա է. կարող են անկլավները, որոնք երկրները ունեցել են, մեկը մնա մյուսին, մյուսը մնա՝ մյուսին, կարող են փոխանակվել, կարող են ուրիշ տարբերակներ լինեն , այսինքն համարժեք տարածքներ իրար տրամադրվեն սահմանի մոտ», - ասաց Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ սրանք դեռ քննարկվող տարբերակներ են:
«Եթե Հայաստանի 29 743 քմ-ից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության և որևէ բան ստանանք, այսինքն տարածքի փոփոխություն լինի, դա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է և հնարավոր չէ խուսափել դրանից», - հայտարարեց արտգործնախարարը՝ հավելելով, որ Բաքվի հետ բոլոր տարբերակները խորությամբ կքննարկվեն:
Միրզոյանի խոսքով՝ Բաքուն կառուցողական դիրքորոշում ունի անկլավների հարցում:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով անկլավներից, առաջին անգամ հայտարարել էր, թե անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, չէր հստակեցրել՝ որ տարածքը որի հետ կփոխանակվի, մասնավորապես, արդյոք՝ Տիգրանաշենը կմնա հայկական վերահսկողության տակ, Արծվաշենը՝ ադրբեջանական: