Մատչելիության հղումներ

«Կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել». Փաշինյանն ընդունել է Բելոզյորովին

Հայկական երկաթուղիների ռուսական կառավարման շուրջ ամիսներ շարունակվող քննարկումներից հետո հայկական և ռուսական կողմերը ոչ թե պայմանագիրը դադարեցնելու, այլ ուղիղ հակառակը՝ աշխատանքները միասին շարունակելու մասին են հայտարարում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովն «Ազատությանն» ասաց, թե կոնցեսիան դադարեցնելու հարցը չեն քննարկել, այդ մասին որևէ ակնարկ չենք գտնում նաև Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:

«Մենք այսօր խոսեցինք, կոնցեսիան պահելու-չպահելու հարցեր չեն բարձրացվել, մենք քննարկել ենք կոնցենսիոն համաձայնագրի իրականացումը, այն կատարվում է, և պայմանավորվեցինք միասին աշխատել: Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմը ավելի քան բովանդակային տեղեկություն կհրապարակի, ինչի համար շնորհակալ ենք: Մենք մեր կողմից բանակցությունները շատ արդյունավետ ենք համարում», - ասաց Բելոզյորովը:

Գործադիրի հաղորդագրությունում կարդում ենք՝ քննարկել են խնդիրներն ու պայմանավորվել համատեղ աշխատել դրանց լուծումները գտնելու համար. «Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին»:

Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ

Ըստ Երևանի՝ Փաշինյանն ու Բելոզյորովը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ խնդիրները սահմանված սեղմ ժամկետում քննարկելու համար, թե ինչ ժամկետներ նկատի ունեն, կառավարությունը չի մանրամասում:

Ռուսական կողմի հաղորդմամբ՝ աշխատանքային խումբը կգնահատի Հայաստանի երկաթուղիներով տրանզիտային հնարավորությունները:

Այս հանդիպմանը նախորդած ամիսներին Երևանը պարբերաբար հայտարարում էր՝ երկաթուղիների կառավարման կոնցենսիոն պայմանագրի պատճառով Հայաստանը մրցակցային առավելություններ է կորցնում, և արևմտյան գործընկերները չեն ցանկանում ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղիներից օգտվել:

«Որևէ ձևով այդ հարցը պետք է լուծենք։ Այսինքն՝ ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ իրավիճակն արձանագրել ենք, որ ինքը չի կարող երկար շարունակվել և պետք է լուծումների գնալ», - նշել է Փաշինյանը:

Երևանն առաջարկում է, որ կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ավելին՝ Փաշինյանը նաև որպես հնարավոր թեկնածու Ղազախստանն է համարել: Այս ամբողջ ընթացքում ռուսական կողմից արձագանքում էին՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած ներդրումները՝ 400 միլիոն դոլարը:

Այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո, մինչդեռ, Երևանը միայն հայտարարում է, թե քննարկել են Հայաստանի երկաթուղիները մրցակցային դարձնելու և միջազգային տրանսպորտային ուղիներին ինտեգրելու հարցը: Այն, որ այդ խնդիրը ծագել է ռուսական կառավարման պատճառով, կառավարությունը չի մատնանշել: Վնասով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիները» իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ բաց երկխոսության և կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ քննարկմանը:

Ռուսական ընկերությունը 30 տարով է ստանձնել հայկական երկաթուղու կառավարումը, ժամկետը լրանում է 2038-ին, այն ևս 10 տարով երկարաձգելու համար կողմերը պետք է միմյանց համապատասխան առաջարկ ներկայացնեն մինչև 2027 թվականի օգոստոսը:

Երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածների վերականգնման մասին

Վարչապետն ու ընկերության գլխավոր տնօրենը նաև հայկական երկաթուղու՝ Երասխից ադրբեջանական Նախիջևան և Ախուրիկից Թուրքիայի սահման հատվածները վերականգնելու հարցն են քննարկել՝ մտքեր փոխանակելով «դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ»:

Անցած տարվա դեկտեմբերին՝ մինչ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների այսչափ խորացումը, Հայաստանի վարչապետը ռուսական կողմին կոչ արեց հնարավորինս արագ վերականգնել երկաթուղիների այդ հատվածները: Հետո, սակայն, Փաշինյանը ռուսական կոնցենսիայի պատճառով մրցակցային առավելությունները կորցնելու թեզը ներկայացրեց և հայտարարեց, թե այդ հատվածները պետական բյուջեի միջոցներով կվերականգնեն:

Կառավարությունը հրատապ ընթացակարգով նախագծեր պատրաստելու համար մրցույթ հայտարարեց, որին ղազախական և ուզբեկական ընկերություններ մասնակցեցին, հետաքրքրություն կար նաև Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինայից: Ղազախական և ուզբեկական ընկերությունների հայտերը, սակայն, անցած շաբաթ մերժվել են՝ չափորոշիչներին չհամապատասխանելու հիմքով:

Մրցույթը կայացած չհամարելու որոշումը զուգադիպեց Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են աջակցել Երևանին Երասխի ու Ախուրիկի հատվածները վերականգնելու հարցում. «Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով»:

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի պնդմամբ՝ նախագահի մակարդակով համապատասխան որոշումները դեռ այս հունվարին են ընդունել: Ի վերջո, կառավարությունը պետական բյուջեի միջոցներո՞վ, թե՞ ռուսական կողմի աջակցությամբ կվերականգնի երկաթուղու հատվածները, այսօր տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած հայտարարություններից պարզ չէ:

Շաբաթներ առաջ էլ ռուսական «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոքր մոդուլյար ատոմակայանով այլևս հետարքրված չեն, ամենատրամաբանական լուծումը 1000 մեգավատտանոց ատոմակայանը կլինի: «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը հենց այսպիսի առաջարկ էր ներկայացրել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG