Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը մտել է Սյունիքի Շաքի գյուղ, կրակել տեղացի կնոջ ոտքին, նրա երեխաները ևս վնասվածքներ են ստացել

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: Նրան ձերբակալել են:

Շաքիի գյուղապետը «Ազատությանը» պատմել է, որ տուժողը տեղացի մի կին է, իսկ դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ: 39-ամյա կնոջը Սիսիանի բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15-ամյա և 12-ամյա երեխաները. - «Մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք», - հայտնում է գլխավոր դատախազությունը:

Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ», - հայտնում է ԱԱԾ-ն:

Թե ինչո՞ւ չի հաջողվել նախորդող օրերին կանխել զինված ադրբեջանցու մուտքը Հայաստան կամ ավելի շուտ հայտնաբերել նրան, քան նա կհասներ գյուղական բնակավայր, պաշտոնական հաղորդագրությունը չի հստակեցնում: Արդյոք տեղի բնակչությունը զգուշացվե՞լ է ադրբեջանցի զինծառայողի փախուստի և Հայաստանի սահմանը հատելու մասին, ևս պարզ չէ:

Այսօր արդեն, ըստ ԱԱԾ-ի, ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցի մասին:

«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - հայտնում է ԱԱԾ:

Սահմանը ապօրինի հատելու հոդված առաջադրված չէ

Քննչական կոմիտեից հրաժարվեցին «Ազատությանը» ասել, թե որ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել և արդյոք ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը տեղափոխվել է Երևան:

Ավելի ուշ միայն Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ գործը հարուցվել է զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Սահմանը ապօրինի խախտելու հոդված փաստորեն առաջադրված չէ:


Շաքի գյուղը
Շաքի գյուղը

Զինծառայողի վնասազերծմանը ականատես եղած Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանի խոսքով՝ տղամարդը զինվորական հագուստով չի եղել, այլ «սև շալվարով, բոթասներով». - «Մտել էր էդ կնոջ տուն, էդ կնոջ տնից դուրս էր եկել, փախել էր, ինքն էլ էր վիրավոր, արյան հետքերով գնացինք, որ ասում եմ գնացինք՝ նկատի ունեմ ես՝ իրավապահների խմբերի հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրեցի, ասաց՝ «օլդում» (մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»:

Շաքիի գյուղապետն ասաց, որ ավտոմատով տղամարդու կրծքավանդակի շրջանում ենթադրաբար դանակով հասված վնասվածք է նկատել: Ադրբեջանցու վիճակի մասին պետական մարմինները դեռ տեղեկություն չեն տրամադրում:

Ինչ են հաղորդում ադրբեջանական աղբյուրները

Ադրբեջանական պետական կառույցներն ու լրատվամիջոցները զինծառայողի մասին տեղեկություններ հայտնեցին միայն Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո:

Եթե Երևանը հայտնում է, որ Բաքուն զինվորի հարցով իրեն դիմել է սեպտեմբերի 29-ին, ապա ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Նասիմ Մուսաևը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել զինծառայողի անհետացման փաստով: Արդյոք Նասիմ Մուսաևը հենց սեպտեմբերի 26-ի՞ն է ներթափանցել Հայաստանի տարածք, այսինքն 5 օր շարունակ այստեղ է գտնվել, կողմերի հաղորդագրություններից պարզ չի դառնում:

«Տեղի ունեցածի հանգամանքները քննելու նպատակով Ռազմական դատախազությունն անցկացրել է համապատասխան ստուգում, որի արդյունքներով հաստատվել են հիմնավոր կասկածները՝ Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ», - հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ հավելելով. - «Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից»։

Բաքվի հաղորդմամբ՝ ներկայումս Ադրբեջանի համապատասխան պետական կառույցները «շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանի տարածքում Նասիմի Մուսաևի գտնվելու, նրան ձերբակալելու հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ մանրամասներ պարզելու նպատակով»:

Ներթափանցման ևս մեկ դեպք՝ 2023-ին

Վերջին տարիներին սա Սյունիքի մարզ զինված ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման առաջին դեպքը չէ: 2023 թվականի ապրիլին տեղացիները Սյունիքի երկու տարբեր համայնքներում զորամասը լքած երկու զինծառայողների էին վնասազերծել ու հանձնել իրավապահներին: Նրանցից մեկը՝ Հուսեյին Ախունդովը հրազենով սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին։

Այն ժամանակ Հայաստանի դատախազությունը հայտնել էր, թե սպանությունից հետո ադրբեջանցի զինծառայողը ցանկացել էր հատել Հայաստանի սահմանն ու անցնել Իրան։ Այդ նպատակով հափշտակել էր պահակի բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել էր փախուստի, բայց բռնվել էր պատահական անցորդների կողմից:

Հուսեին Ախունդովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար, իսկ մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը՝ 11 տարվա ազատազրկման։

Ամիսներ անց՝ 2023 թվականի դեկտեմբերին երկու ադրբեջանցիները փոխանակվեցին 32 հայ գերիների հետ: Զինծառայողներին վերադարձնելուց բացի Երևանը հրաժարվել էր նաև ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը հյուրընկալելու իր հայտից՝ հօգուտ Ադրբեջանի:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG