Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնում՝ Ակրոպոլիսի հարևանությամբ գտնվող Պլակա զբոսաշրջային թաղամասում, հզոր պայթյունից շենք է փլուզվել։ Առնվազն երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Մի քանի մարդ, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկներ, դեռ անհետ կորած են համարվում։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել երիտասարդ կնոջ և տղամարդու մարմինները։ Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհված կինը ամերիկացի զբոսաշրջիկ էր, որը շենքում հանգստանում էր ամուսնու և ևս մեկ զույգի հետ։
Պայթյունից վնասվել են նաև հարակից խանութներն ու ավտոմեքենաները։ Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը տեղի ունեցածն աղետ է անվանել՝ նշելով, որ ավերածություններ կան ոչ միայն պայթյունի վայրում, այլև հարակից փողոցներում։
Իրավապահները ենթադրում են, որ ուրբաթ տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, սակայն վերջնական եզրակացություն դեռ չկա։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։