Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի նախագահը կոշտ քննադատել է Զելենսկիին

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը կոշտ քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիների Սեուլին փոխանցելու մասին հրապարակավ հայտարարելու համար։

Լիի խոսքով՝ Կիևն ու Սեուլը պայմանավորվել էին այդ տեղեկությունը չհրապարակել։ Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ հրապարակայնացումը կարող է վտանգել Հյուսիսային Կորեայում գտնվող գերիների հարազատներին և բացասաբար անդրադառնալ Սեուլի ու Փհենյանի հարաբերությունների վրա։

«Չգիտեմ՝ ինչն է դրդել ուկրաինական կողմին խախտել գաղտնիության պայմանավորվածությունն ու հրապարակել այս տեղեկությունը, բայց ստեղծված իրավիճակն ամոթալի է», - գրել է Լին X-ում։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը, սակայն, հերքել է, թե Սեուլի հետ նման պայմանավորվածություն եղել է։ Ուկրաինական լրատվամիջոցին նախագահի գրասենյակից հայտնել են, որ Կիևը տեղեկությունը գաղտնի պահելու պարտավորություն չի ստանձնել։

«Ուկրաինացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունենում ռազմագերիների հետ կապված հարցերում», - ասել է նախագահի գրասենյակի աղբյուրը։

Հյուսիսային Կորեայի զինծառայողները Ռուսաստանի կողմից մասնակցել են Կուրսկի մարզում մարտերին։ Մոսկվան և Փհենյանը սկզբում հերքում էին նրանց ներկայությունը, սակայն 2025 թվականի ապրիլին պաշտոնապես հաստատեցին Հյուսիսային Կորեայի զինվորների մասնակցությունը մարտական գործողություններին։

​
XS
SM
MD
LG