Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ Մալաթիայի բնակիչների հետ բռնությամբ ուղեկցված վեճի մեջ մտած երկու քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով (Քրեական օրենսգիրք, հոդված 195, մաս 2-րդ, 5-րդ կետ):
Իսկ միջադեպի մյուս կողմը՝ շուրջ մեկ ամիս կալանավորված Մալաթիայի բնակիչ Աշոտ Զաքարյանն ու նրա ոստիկան բարեկամը՝ Եղվարդի բաժնի օպերատիվ լիազոր Սարգիս Բագրատունյանը, ազատ են արձակվել։ Ոստիկանին արգելվել է լքել երկիրը, իսկ 54-ամյա Զաքարյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։
Երկուսն էլ այժմ տանն են, «Ազատությանը» փոխանցեցին նրանց փաստաբանները՝ հավելելով, որ իրենց միջնորդությունների հիման վրա են խափանման միջոցները փոխվել:
«Զաքարյանը ստամոքսի խոց ունի, իսկ կալանավայրում դժվար է այդ խնդրով ապրելը։ Միջնորդության հիմքում նաև սա կար, իսկ գլխավորապես՝ այն, որ անհամաչափ խիստ խափանման միջոց էր կիրառվել նրա նկատմամբ», - «Ազատությանն» ասաց Աշոտ Զաքարյանի փաստաբան Արման Հարությունյանը:
Մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած վեճը, ըստ Զաքարյանի պաշտպանի, մեքենայի կայանման պատճառով էր ծագել: Զաքարյանը քննիչներին խնդրել էր մեքենաները չկանգնեցնել իր խանութի հարակից տարածքում, քանի որ դրանք, նրա խոսքով, խոչընդոտել են առևտրին, ինչից հետո, ըստ փաստաբանի, քննիչները բռնության էին ենթարկել Զաքարյանին:
Այնուհետև Զաքարյանի ոստիկան բարեկամը՝ Սարգիս Բագրատունյանը, փորձել էր քննիչներից պարզել, թե ինչու են իր հորաքրոջ ամուսնուն ծեծել։ Փաստաբանի պնդմամբ՝ քննիչները ոչ պատշաճ են խոսել նաև Բագրատունյանի հետ, իսկ հեռանալիս բարձր հայհոյանքներ են տվել: Փաստաբանն ասում է՝ հայհոյանքը բարկացրել էր տարածքի բնակիչներին, իրավիճակը լարվել էր և վերածվել ծեծկռտուքի: Ոստիկանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանի պնդմամբ՝ արդեն ավելի ուշ Երևանի քննչական վարչության շենքում ծեծի էին ենթարկել Բագրատունյանին:
Չնայած այս պնդումներին, դեպքից հետո կալանավորվել էին միայն Զաքարյանն ու Բագրատունյանը։ Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե նրանք և ավելի քան երկու տասնյակ այլ անձինք են բռնություն գործադրել քննիչների նկատմամբ և խուլիգանություն կատարել։
Քննիչների վերաբերյալ որևէ պարզաբանում Քննչական կոմիտեից մինչև այս պահը չի եղել։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Աշոտ Զաքարյանին ծեծի ենթարկելու առիթով վերջինիս ազգականի՝ ոստիկանության ծառայողի կողմից քննիչներից պարզաբանումներ ստանալու նպատակով կայացած հանդիպումը վերաճել է խուլիգանության, ոստիկանության ծառայողի և նրա հետ գտնված չորս անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խուլիգանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով):
Կոմիտեից նաև նշել են՝ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության աշխատակցին խոշտանգելու, ինչպես նաև քննիչներից մեկի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը շարունակվում է:
Բոլոր 7 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը: