Մատչելիության հղումներ

Ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. ԱԽ քարտուղար

Ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը՝ Հայաստանին սահմանակից չորս երկիր կա, որոնցից հնարավոր է գազ գնել, «Ազատության» հարցին ի պատասխան նշել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը:

«Մենք ասել ենք և մնալու ենք այն դիրքորոշմանը, որ ունենք 4 սահմանակից երկրներ, և եթե 5-րդ երկիրն էլ տրանզիտով մեզ գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը քննարկելու ենք: Գազի գինը միայն դոլարային չէ, դա նաև քաղաքական գին է ներառում իր մեջ. մենք պատրաստ չենք և այլևս պատրաստ չենք լինելու կախված լինել մեկ խողովակից, մեկ ճնշման կոճակից և շարունակելու ենք դիվերսիֆիկացման գործընթացը», - ընդգծեց Սիմոնյանը:

Վերջին շրջանում ռուս պաշտոնյաներն ուղիղ ասում են՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, չի կարող արտոնյալ պայմաններով էժան գազ ներկրել: Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն էլ սեպտեմբերի 16-ին ասել էր, որ Հայաստանը բնական գազի մատակարարման այլընտրանքներ է փնտրելու՝ չբացառելով նաև Ադրբեջանից ներկրելու տարբերակը:

Այսօր նա առաջարկեց անհանգստանալ ոչ թե գազի գնի հնարավոր թանկացումից, այլ նրանից, որ մի օր մարդիկ կարող են զարթնել ու տեսնել՝ Հայաստանը որպես անկախ պետություն չկա:

«Դա է հիմնական մտահոգությունը, այլ ոչ թե մտածենք, որ մի խողովակով մեզ մոտ կարելի է իշխանություն փոխել, նախագահ նշանակել. չի կարելի, գազի գինը միայն դոլարային գին չէ», - նշեց Սիմոնյանը:

​
XS
SM
MD
LG