Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, հայտնում է Հայաստանի կառավարութունը:
Ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության. կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։
Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Էրդողանը ասել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ առևտրային և տրանսպորտային կապերի կարգավորմանը և ցանկանում է պահպանել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Նա նաև նշել է, որ միջազգային կազմակերպություններում Թուրքիայի և Հայաստանի միջև աճող համագործակցությունը նպաստում է հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կողմերի ձեռնարկած փոխադարձ քայլերը։
Փաշինյանը և Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը:
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու COP31 առաջնորդների գագաթնաժողովին։
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները:
Վարչապետ Փաշինյանն էլ հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել:
Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր՝
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», - ասել է Էրդողանը։
Այս ամսվա սկզբին էլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: