Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը․ լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձ հղեց վարչապետն Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով. «Հայաստանի Հանրապետության անկախության 35–ամյակը, ահա, նշում ենք խաղաղության միջավայրում, բայց խաղաղությանն ու խաղաղության գիտակցությանը մենք հասել ենք մեր հազարավոր եղբայրների ու քույրերի կյանքի գնով»:
Վարչապետն ընդգծեց անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ ունենք։
«Պետությունն է, որ կարող է երաշխավորել, մեր ինքնության, մեր մշակույթի պահպանումն ու զարգացումը, մեր պետությունն է, որ կարող է երաշխավորել մեր պատմության շարունակականությունը, պետությունն է, որ մեզ մեր ճակատագրի տերն է դարձնում, մեզ դարձնում է մեր ազատության, անվտանգության հեղինակն ու երաշխավորը», - հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով՝ «պետք է շարունակենք գնալ մեր պետությանը տեր կանգնելու այս ճանապարհով»:
Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այլևս ամեն տարի, ամեն օր մենք պետք է ավելի լավ սովորենք՝ ինչ է նշանակում և ինչ է ենթադրում ունենալ պետություն, պետք է ավելի լավ սովորենք ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում լինել քաղաքացի»։
«Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Սա չի կարող մեր պետությունը պակաս չափով սիրելու հիմք տալ մեզ, որովհետև աշխարհում չկա, չի եղել, չի լինելու որևէ պետություն, որտեղ չկան չլուծված բազմաթիվ խնդիրներ։ Ընդհակառակը, ցանկացած լուծված խնդիր, իր հետ բերում է նոր խնդիրներ և այս շարժընթացը չունի վերջ և չունի ավարտ», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հենց այս շաժընթացն է, որ բերում է զարգացման և առաջընթացի։
Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի Կառավարության քաղաքականությունները, կրթությունից մինչև բնակարանաշինություն, առողջության համընդհանուր ապահովագրությունից մինչև բանակում «Պաշտպան հայրենյանց» ծրագրի ներդրում, սոցիալական, քաղաքական և տնտեսական ամենատարբեր ծրագրերը ուղղված են քաղաքացու ուժեղացմանը։
Տոնի առթիվ ուղերձներ են հղել կաթողիկոսը, նախագահը և այլ պաշտոնյաներ
Տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նա ընդգծել է, որ ներկայիս բարդ պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել և համախմբվել հայրենիքի շուրջ՝ դիմագրավելու ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Կաթողիկոսը նաև հորդորել է «անմնացորդ նվիրումով շենացնել ու պայծառացնել մեր երկիրը»։
Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, այլ պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ և կազմակերպություններ։