Մատչելիության հղումներ

Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։

«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», - ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։

Խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ։

«Այս շաբաթ մենք տեսանք Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։

Որպես հարաբերությունների սերտացման վկայություն՝ ԵՄ դեսպանը վկայաբերել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև շարունակվող բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ «Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, և ակնկալում ենք կոնկրետ առաջընթաց այս ոլորտում: Կա գործողությունների ծրագիր, կառավարությունն աշխատում է դրա վրա»,- հայտարարել է Վասիլիս Մարագոսը:

Ըստ ԵՄ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի, գնդակը «հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է»: «Ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց Վասիլիս Մարագոսը։

ԵՄ-ն Սյունիքում նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում

ԵՄ դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթ այցելելու են Սյունիք, որտեղ Եվրոպական կառույցը նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում կատարել՝ մարզի զարգացմանն ու բիզնեսին աջակցելու նպատակով: Հենց այդ տարածքով է անցնելու նաև TRIPP ճանապարհը, որը Ադրբեջանի մայր տարածքը Նախիիջանին կապելուց և Տրանս-Կասպյան առևտրային երթուղում կարևոր օղակ ստեղծելուց բացի ենթադրում է նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր։

Եվրահանձնաժողովի ղեկավարը ամիսներ առաջ այցելելով Հայաստան, ապա՝ Ադրբեջան, հայտարարել էր, որ եվրոպական ընտանիքը պատրաստ է մինչև 200 միլիոն եվրո ներդնել՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը զարգացնելու, տարածաշրջանի տնտեսական մասնատվածությունը նվազեցնելու և Հարավային Կովկասը Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի սերտ կապելու նպատակով։

«Իսկապես էական է, որ մենք շարունակենք աջակցել մարդկային կապիտալին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրում ոչ միայն տնտեսության, այլև ժողովրդավարական դիմակայունության և հասարակական դիմակայունության համար, որը մենք պետք է շատ ավելի շատ տեսնենք ապագայում»,- ասաց Վասիլիս Մարագոսը։

«Այստեղ ենք՝ տեսնելու, թե որտեղ կարող ենք աջակցել». MitOst-ի գործադիր տնօրեն

Երեկ ԵՄ դեսպանը Վանաձորում մասնակցում էր MitOst միջազգային ամենամյա փառատոնին՝ «Ժողովրդավարական դիմակայունությունը գործնականում․ քաղաքացիական հասարակությունը վերափոխումների և անհստակության արանքում» թեմայով։

MitOst-ը միջազգային ցանց է, որն իր շրջանակում միավորում է սոցիալական փոփոխությունների, մշակութային փոխանակումների, ակտիվ քաղաքացիության, հասարակական համերաշխության և նման նպատակների շուրջ աշխատող անհատների և կազմակերպությունների։ Այսօր ցանցին անդամակցում է 1000-ից ավելի մարդ ավելի քան 40 երկրից։ Երեկվանից Վանաձորում են Արևելյալ Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիական հասարակության շուրջ 80 ներկայացուցիչներ:

MitOst ցանցի գործադիր տնօրեն Աննեգրետ Վուլֆն «Ազատությանն» ասաց՝ ամբողջ աշխարհում օգնում են զարգացող երկրներին գնալ ժողովրդավարության ճանապարհով: Համարում է, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել այս առումով: Շեշտեց հատկապես վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնք ըստ եվրոպացի հասարակական գործչի՝ անցել են «ազատ ու թափանցիկ, չնայած՝ Ռուսաստանի քարոզչական ազդեցությանը»:

«Սա նաև շատ համարձակ քայլ է այս տարածաշրջանում նաև պատմության տեսանկյունից, որտեղ Հայաստանն ավելի մոտ էր Ռուսաստանին։ Եվ հիմա, այս ժամանակներում, ասել՝ «մենք ընտրում ենք այս եվրոպական ճանապարհը», կարծում եմ՝ շատ համարձակ է։ Եվ, կարծում եմ՝ սա մարտահրավեր է։ Այն երկար ժամանակ մեծ էներգիա և երկարաշունչ համբերություն կպահանջի՝ այդ ճանապարհով գնալու համար։ Մենք այստեղ ենք, որպես քաղաքացիական հասարակություն, ողջ Եվրոպայից՝ տեսնելու, թե որտեղ կարող ենք աջակցել», - նշեց նա։

Այս տարի MitOst ցանցի անդամներին Հայաստանում հյուրընկալել էր «Էկո-Հաբ» հիմնադրամը: Առաջիկա օրերին Վանաձորում կքննարկեն յուրաքանչյուր երկրում հասարակական նախաձեռնությունները, դրանց արդյունավետությունն ու թե էլ ինչպես կարող են նպաստել իրենց երկրների ժողովրդավարացմանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG