Մատչելիության հղումներ

Կալանավորումից հետո Քոչարյանն առաջին անգամ դատարանում է՝ Մարտի 1-ի գործով

Երևանի դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի դատավարությունը։

Երկրորդ նախագահը դատարան է բերվել կալանավայրից՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սա «Մարտի 1-ի» ՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած արյունալի իրադարձությունների և տասը մարդկանց սպանության գործով Քոչարյանի առաջին նիստն է։ Այդ ժամանակ պաշտոնավարումն ավարտող երկրորդ նախագահն ու նրա ենթակաները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և ազդեցությունը չարաշահելու համար։

Մինչ այդ՝ օգոստոսի վերջին, Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր մեկ այլ քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու համար։ Այս գործով կալանավորված է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Այսօր, դատարանի դահլիճում հանդիպելով իր գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորներին, նախկին նախագահը կատակեց՝ «Ես ոնց որ ձեզանից լավ եմ»։ Արձագանքելով «Ազատության» հարցին, թե արդյոք պատրաստ է փողերի լվացման, ապօրինի գույքի գործով հաշտության գնա՞լ, Քոչարյանը արձագանքել է՝ «փողերը լվացողներն այսօր նստած են կաբինետներում»։

«Փողերը լվացողներն այսօր նստած են կաբինետներում»․ Քոչարյան
please wait

No media source currently available

0:00 0:00:22 0:00

Քոչարյանն առաջին անգամը չէ դատարանի առջև կանգնում Մարտի 1-ի գործով։ 2018-ի հեղափոխությունից հետո երկրորդ նախագահն ու նրա երեք ենթակաների դեմ մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ 2021-ին, սակայն, Սահմանադրական դատարանն այդ մեղադրանքի հիմքում դրված հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Հետագայում գործը վերաբացվեց այլ մեղադրանքներով։

2008-ի Մարտի 1-ին Երևանում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց։ Նրանց մահվան համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG