Մատչելիության հղումներ

Վարչապետն ասել է՝ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա. ԱԳ նախարար

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ռազմաբազան շարունակում է մնալ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի «առանցքային տարր»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թեմային և հայտարարել, որ ռազմաբազայի դուրսբերման հարցով, հրապարակային հայտարարություններից բացի, որևէ այլ գործընթաց չկա։

«Այսօր առավոտյան տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանությունն այն մասին, որ Հայաստանը 102-րդ ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ներկայացրել։ Դուք ամբողջ ինֆորմացիան գիտեք. վարչապետն ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա», - նշեց Միրզոյանը։

ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Մոսկվան 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմում չի ստացել»՝ միևնույն ժամանակ նշելով, որ նման դիմում ստանալու դեպքում հայկական կողմը պատրաստ է քննարկման:

«Եթե իրենք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն այդ մասին. եթե չեն ուզում հանել, դա էլ է քննարկման հարց, կքննարկենք», - նշեց Ալեքսանյանը:

«Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական ագրեսիա, և ռազմաբազայի ակտիվ միջամտություն չեմ հիշում այդ դեպքերին: Առհասարակ չեմ հիշում, որ ռազմաբազան կանգնեցրած լինի այդ ագրեսիան Հայաստանի նկատմամբ: Այսինքն՝ կա նախադեպ, որ ագրեսիայի ժամանակ ռազմաբազան, եղած-չեղած, տարբերություն չենք զգացել», - նշեց Ալեքսանյանը:

Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։

Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չեն քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից։ Հայ-ռուսական պայմանագրով դրա տեղակայման ժամկետը սահմանված է մինչև 2044 թվականը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG