Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը՝ այնտեղից հանելով հաշտեցման դրույթը։
Դեռևս 2020 թվականին ընդունված օրենքով անձը, ում նկատմամբ ապօրինի գույքի գործով վարույթ է հարուցված, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի գնահատված գույքի արժեքի 75 տոկոսը։
Վարչապետը կարծում է, որ այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաները մինչև օրս բավարար ժամանակ ունեցել են, իր բնորոշմամբ, պետությունից թալանածը հետ վերադարձնելու համար, և հիմա եկել է այդ գույքերը 100 տոկոսով բռնագանձելու ժամանակը։ Ինչպես Փաշինյանը նշեց՝ այսօր արդեն դեռ մի բան էլ պետք է այդ 100 տոկոսի տոկոսները բռնագանձվեն։
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնում են մի շարք նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը և այլն։
«Դուք տեղյակ եք, չէ՞, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնում է, 75 տոկոսը՝ վերադարձվում․․․ Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն։ Չկա՛ այլևս 25 տոկոս։ Առհասարակ։ Չպիտի՛ լինի։ Տվել ենք այդ շանսը, 8 տարի չեն օգտվել այդ շանսից, հիմա պետք է զրոյացվի, 100 տոկոսը պետք է վերադարձվի։ Այո, առաջիկայում կլինի օրենսդրական փոփոխություն, և այդ հաշտության հնարավորությունը կվերացվի», - հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի այս հայտարարությունից հետո Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ փոփոխության նախագիծը արդեն մշակված է, և համապատասխան ընթացակարգեր անցնելուց հետո նախատեսվում է առաջիկայում այն դնել հանրային քննարկման։
Ապօրինի գույքի գործերով բռնագանձվել է ավելի քան 16 միլիոն դոլար
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից մինչև օրս, այսինքն՝ անցած 6 տարիների ընթացքում, հաջողվել է կնքել 11 հաշտության համաձայնություն։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանն» այսօր տեղեկացրին, որ հաշտության համաձայնությունների արդյունքում հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 8 անշարժ և 2 շարժական գույք, իսկ հաշտության համաձայնությունների դրամական արժեքը ընդհանուր կազմում է շուրջ 5.5 միլիարդ դրամ, այսինքն՝ ավելի քան 15 միլիոն դոլար։
Ի դեպ, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեռևս այս տարվա մարտին ներկայացրած տվյալներով՝ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը ավելի քան 600 միլիարդ դրամ է կազմում, այսինքն՝ ավելի քան 1.5 միլիարդ դոլար։
Այս օգոստոսի 5-ին կառավարության նիստում Գլխավոր դատախազը տեղեկացրել էր, որ ընդհանուր վերադարձված ապօրինի գույքի արժեքը կազմում է 6.3 միլիարդ դրամ կամ ավելի քան 16 միլիոն դոլար։
«Ոչ միայն կքայլի, այլև կվազի»
Վարչապետն այսօր Կառավարության նիստից հետո նախկինների թալանածը հետ բերելու մասին հայտարարություններին զուգահեռ կրկին կասկածի տակ դրեց թե՛ կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և թե՛ կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը։
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը ձերբակալությունից առաջ սրտի վիրահատություն էր տարել։ Օգոստոսի 25-ին բերման ենթարկվելուց հետո նրա վիճակը վատացել էր հենց Հակակոռուպցիոն կոմիտեում, նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն մեկ օր անց Քոչարյանը կալանավորվեց, և այժմ նա հանրությանը հայտնի ԿԳԲ-ի բանտում է։
«Մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են դառնում են մահամերձ: Մահամերձ են, թող ընտրությունների ժամանակ ասեին՝ մահամերձ են», - ասաց Փաշինյանը:
«Տղամարդուն ոչ հարիր». 2 -րդ նախագահի գրասենյակի արձագանքը
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը շտապել է արձագանքել վարչապետին՝ նշելով, որ «վիրահատված մարդուն ապօրինի նստեցնելուց հետո տղամարդուն հարիր չէ նման հայտարարություններ անելը»։
«Նախագահն առողջ չէ, և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը», - նշել է նա։
Երկրորդ նախագահից բացի, վարչապետն այսօր կասկածի տակ դրեց նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին պաշտպանական կողմի պնդումները։ Խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և մի շարք այլ հոդվածներով մեղադրվող Խաչատրյանին պատգարակի վրա են բերում Հակակոռուպցիոն դատարան։ Երեկ նա դատական նիստին մասնակցում էր պարկած և աչքերը փակ։ Պաշտպանները սա խոշտանգում են որակում։
«Խաչատրյան Գագիկը, երբ որ լինի ազատության մեջ, երբ որ իրավական բանի համար, սիմուլյանտության համար պետք չլինի, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի։ Վազելով պիտի գնա նայի իրա թոշակը նստել ա՞, թե՞ չի նստել», - հայտարարեց Փաշինյանը։
ՊԵԿ նախկին նախագահի փաստաբան Երեմ Սարգսյանը վարչապետից փաստեր է պահանջում, թե Գագիկ Խաչատրյանը հիվանդ է ձևանում, կամ, ինչպես Փաշինյանն էր ասել, սիմուլյանտություն է անում։