Ալի Զարեին, ով 2022 թվականին Իրանում «Կանայք, կյանք, ազատություն» շարժման զանգվածային ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կրակոցից մեկ աչքից կուրացել է և հեռացել էր երկրից, Գերմանիայից Իրան վերադառնալուց հետո դատապարտվել է մահապատժի, հաղորդում են նրա ընկերները և իրավապաշտպան կազմակերպությունները:
Այժմ Քարաջի Քեզել Հեսար բանտում պահվող Զարեին Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից դատապարտվել է «Երկիրն ապականելու» համար, փոխանցում է ԱՄՆ-ում գործող իրանական HRANA իրավապաշտպան կազմակերպությունը: Օգոստոսի 23-ին հրապարակված դատավճռով նա մեղավոր է ճանաչվել լայնածավալ քաղաքական գործունեության, կեղծ լուրեր տարածելու, ռեժիմի դեմ քարոզչության, անվտանգությունը խաթարելու, երկիր ապօրինի մուտք գործելու և երկրի ապօրինի դուրս գալու մեջ:
Զարեին ձերբակալվել է Իրանի հետախուզության նախարարության գործակալների կողմից ապրիլի 28-ին հայրենիք վերադառնալուց հետո:
Վերադարձի նրա որոշումից տարակուսած են Գերմանիայում իր ծանոթները: Իրանցի լրագրող Փարվիզ Յարին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը հայտնել է, որ Զարեին նախկինում մեկ անգամ փոխել էր վերադառնալու որոշումը, երբ ինքը զգուշացրել էր վտանգների մասին: Ի վերջո, սակայն, նա որոշել է վերադառնալ՝ առանց իրեն զգուշացնելու:
Յարին ընկերոջ որոշումը բացատրել է այս տարվա հունվարյան ցույցերից հետո իրանական ընդդիմադիր շրջանակներում, մասնավորապես՝ Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցների շրջանում տիրող մթնոլորտով, որոնք հավատում էին, թե երկրում ռեժիմի մոտալուտ փոփոխությունն անխուսափելի է:
Համաձայն վերջին տվյալների՝ այս տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 483 մարդ, նրանցից շատերը՝ հունվարյան ցույցերի կապակցությամբ, որոնց ընթացքում անվտանգության ուժերը հազարավոր մարդկանց սպանեցին և տասնյակ հազարավորներին ձերբակալեցին:
Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ պատերազմի սկզբից՝ փետրվարի 28-ից ի վեր Իրանում կտրուկ աճել է մահապատիժների թիվը, ներառյալ՝ ցուցարարների, արգելված խմբերի ենթադրյալ անդամների և ենթադրյալ լրտեսների, որոնց իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալներ են որակել: