Մատչելիության հղումներ

Կերկարաձգվի՞ Գագիկ Ծառուկյանի կալանքը, թե ոչ, որոշումը վաղը կհրապարակվի

Գագիկ Ծառուկյանին տանում են հարցաքննության, 24-ը հուլիսի, 2026թ.
Գագիկ Ծառուկյանին տանում են հարցաքննության, 24-ը հուլիսի, 2026թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր դռնփակ նիստում սկսել էր քննել գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու՝ մեղադրող կողմի միջնորդությունը: Դատարանի մոտ էին հավաքվել Ծառուկյանի աջակիցները: Գործարարին դատարան էին բերել հետնամուտքով:

«Իրանցի երկու խարդախի պատճառով կալանավորվեց Ծառուկյանը: Հայաստանի տնտեսական հեղինակությանն է այս գործը հարված հասցրել, որ մեկ օրում խլում են գույքն ու պետականացնում ընկերությունները», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Գագիկ Ծառուկյանի աջակիցները դատարանի բակում, 3-ը սեպտեմբերի, 2026
Գագիկ Ծառուկյանի աջակիցները դատարանի բակում, 3-ը սեպտեմբերի, 2026

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ԲՀԿ-ի առաջնորդը, ում վարչապետը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպառնում էր ունեզրկվել, կալանավորվեց ընտրություններից մեկ ամիս անց: Նրան մեղադրանք առաջադրեցին առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացավ հարկերից խուսափելու մեղադրանքը:

Ծառուկյանն ու իրանցի գործարարները

Ըստ Քննչականի, Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանք՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Երևանում տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոն պետք է ստեղծվեր, որը չի իրականացել: Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն էր, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group ընկերությանը: Այս ընկերության մասին համացանցի բաց աղբյուրներում հստակ տեղեկություններ չկան:

Փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան: Կալանավորվելուց հետո Ծառուկյանը մի քանի անգամ առերեսվել է իրանցիների հետ:

Ծառուկյանի ընկերությունների ճակատագիրը

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդին կալանավորելուց հետո, նրան պատկանող ընկերություններից երկուսում՝ «Արարատցեմենտ» ու կոնյակի գործարաններում կառավարությունը իր կառավարիչներին է նշանակել, Ծառուկյանի սպորտային կենտրոնը քաղաքապետարանի ղեկավարմանն է անցել: Օլիմպիական կոմիտեի մարզաբազան դեռ փակ է:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցը, որ պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի Առինջի առանձնատան հողատարածքի աճուրդը, որ 23 տարի առաջ է կայացել։

Մեկ այլ հայցով էլ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյաններին պատկանող Առինջ մոլի հողատարածքի աճուրդը, որը 11 տարի առաջ է կայացել։

«Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին: Ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի էն սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա», - խոստացել է վարչապետ Փաշինյանը:

Մինչ իշխանությունը վստահեցնում է, թե ապօրինի կուտակած ունեցվածքն է վերադարձնում պետությանը, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները սա քաղաքական հետապնդում են համարում։

«Ես ուզում եմ հավատալ, որ մեր երկում արդարադատության համակարգը մահկանացուն չի կնքել: Այս երկու ամիսների ընթացքում ուսումնասիրել եմ այս մտացածին քրգործերը: 2 ամիս առաջ կալանավորվելու հիմք էին նշում քննության խոչընդոտելու խնդիրը, այն դեպքում երբ Ծառուկյանն է մշտապես ասել, այո՛, պետք է գործերը քննվեն, ու այս դեպքում նրան կալանավորելու հիմք չկա: Ու երբ իշխանականները ասում են՝ սա բացառապես իրավական հարց է, ես էլ կոչով դիմում եմ իրենց, ապացուցե՛ք, որ սա քաղաքական հետապնդում չէ, ու Ծառուկյանին փակի տակ պահելը մեկ մարդու ցանկություն չէ», - ասում է գործարարի խոսնակը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG