Մատչելիության հղումներ

Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, վերընտրվելուց հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բիշքեկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Հայաստանի ձգտումը դեպի Եվրամիություն երկրի օրինական իրավունքն է, սակայն դա բարդություններ է ստեղծում պայմանավորված, այդ թվում՝ Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալով, - հայտարարեց Պուտինը՝ հավելելով, - Որքան շուտ Հայաստանը կողմնորոշվի Եվրամիությանն անդամակցելու հարցում, այնքան լավ: Մոսկվայում պետք է հասկանանք՝ ինչպես զարգացնել հետագա հարաբերությունները»:

«Հայաստանի՝ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է գործող կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն», - ասել է Պուտինը Փաշինյանին՝ անդրադառնալով մեկուկես տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքին, որը ազդարարում է Երևանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը:

Ռուսաստանի նախագահն առաջարկել է «Հայաստանի ժողովրդին ընտրելու հնարավորություն տալ Եվրամիության անդամակցելու հարցով, մարդկանց հարցնել՝ ի՞նչ են ուզում»:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, տարեսկզբից երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2.5 միլիարդ դոլար:

«Ռուսաստանը միշտ հանդես է գալիս Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին», - ասաց նա:

«Որևէ երկրի ԵԱՏՄ-ից դուրս թողնելու մեխանիզմ չկա». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «ԵԱՏՄ կարգավորումներով որևէ երկրի կազմակերպությունից դուրս թողնելու մեխանիզմ չկա: Դրա համար պետությունն ինքը առնվազն վեց ամիս առաջ պետք է ծանուցի կազմակերպությանը: Մենք նման ծանուցում չենք փոխանցել ԵԱՏՄ-ին: Իրավիճակին պետք է նայել այդ ելակետից»:

«Մեզ համար կարևոր է, որ մեր երկիրն ունենա այլընտրանքներ: Դա մեր լեգիտիմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք ԵԱՏՄ-ից՝ չնայած այնտեղ կան խնդիրներ», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը պնդեց, որ Եվրամիության անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն. «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք»:

Բանակցություններին ընդառաջ Մոսկվան արդեն տարբեր խողովակներով դժգոհություններ էր հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուս ընդդիմադիր առաջնորդների կալանավորման առնչությամբ, նորից բարձրացրել արտաքին կողմնորոշման վերաբերյալ Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը:

Հայաստանի իշխանությունները, որ օրերս արդեն ազդարարեցին, թե առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չեն տեսնում: Նույնը փաստացի Փաշինյանը կրկնեց Պուտինի հետ զրույցում:

Հանդիպման բաց հատվածում որևէ անդրադարձ չեղավ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդների կալանավորումներին: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները տեսախցիկների առջև չխոսեցին նաև հայկական ապրանքների նկատմամբ Մոսկվայի կիրառած սահմանափակումների ու հայ - ռուսական հարաբերությունների մեկ այլ կնճռոտ թեմայի՝ երկաթուղու ռուսական կոնցեսիայի մասին: Երևանը պնդում է, թե ռուսական կառավարման պատճառով կորցնում է տարածաշրջանում մրցակցությունը ու առաջարկում 2038 թվականին ավարտվող կոնցեսիան վաճառել բարեկամական որևէ երրորդ երկրի: Մոսկվան կոշտ է արձագանքում այս առաջարկին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG