«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:
«Մենք պարտավոր չենք կողմ քվեարկել, բայց մենք միաժամանակ նաև չենք տորպեդահարելու այդ գործընթացը, և մեզ ավելի նպատակահարմար, մեր կասկածները փարատող թեկնածուներին պատրաստ ենք կողմ քվեարկել և ապահովել, որպեսզի Ազգային ժողովը բնականոն հունով աշխատի», - հայտարարեց իշխող խմբակցության քարտուղարը:
Վոլոդյա Հակոբյանը նաև իրենց դեմ քվեարկելու որոշ պատճառներ բարձրաձայնեց. - «Ելույթները և այն հարցադրումները, որոնք հնչել են, և դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել: Օրինակ՝ պարոն Ֆարմանյանի դեպքում նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոքերական ընկերությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է ՊԵԿ աշխատակից: Օրինակ՝ պարոն Ղազինյանի դեպքում հաշվի է առնվել մեր խմբակցության անդամների կողմից այն, որ պարոն Ղազինյանը անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով անմեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածները դեռ փարատված չեն դատարանի որոշումով: Պարոն Ղազինյանը մենակ էներգետիկ ոլորտում էր, ու փոխկապակցվածություններ կան «Տաշիր» ընկերությունը բազմաթիվ էներգետիկ համակարգում աշխատող ընկերություններ ունի, և մենք այդ շահերի բախում ենք նաև տեսնում, և այսպիսի բազմաթիվ հարցեր: Կարծում եմ՝ Արեգա Հովսեփյանի դեպքը ամենաբացահայտներից էր, որ տիկին Հովսեփյանը չի փարատել մեր կասկածները, որ չի գնում այդ հանձնաժողովը աշխատեցնելու, Հայաստանի եվրաինտեգրումը ավելի արագացնելու կամ նպաստելու եվրոինտեգրմանը Հայաստանի»:
«Ես մեծ հույս ունեմ, որ չեմ ընտրվի». - քննարկումների ժամանակ թերևս արցախցի Արեգա Հովսեփյանը իշխանականների ամենածանր քննադատությանն արժանացավ, դեռ մինչև քվեարկությունը ակնհայտորեն պատրաստ էր չընտրվելու:
«Մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, համաձայնագրեր, հանդիպումներ, որ տեղի են ունենում մեր եվրոպական գործընկերների հետ: Բայց երբ որ մենք տեսնում ենք, որ այսօր մեր գյուղացին չի կարողանում իր ապրանքը արտահանել դեպի Եվրոպա, երբ տեսնում ենք, որ բողոքի ցույցեր են տեղի ունենում, չէ՞, տեսում ենք՝ նրանք ճանապարհ են փակում, փաստացի հասկանում ենք, որ դեկլարատիվ բնույթի են այդ հարաբերությունները, իսկ մենք կողմնակից ենք բովանդակայինի: Մինչ օրս մենք դա չենք տեսել, և ինչպես հասկացա երեկվա մեր քննարկումներից, «Քաղաքացիական պայմանագրի» որդեգրած մոտեցումը այլ է», - ասում էր Հովսեփյանը:
«Լիլիթ Գալստյան՝ կողմ՝ 54, դեմ՝ 47». - իշխանությունը միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, այն էլ՝ ոչ բոլորը. ակնհայտորեն այնքան կողմ քվեարկող էր եղել, որ Գալստյանն ընտրվի:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն:
Պատգամավորներն անցնող օրերին նախ քննարկեցին բլորի 12-ի թեկնածությունները, ապա մեկ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ ընտրությունը:
Իշխանական 8 թեկնածուների դեպքում ամենահետաքրքիրը Կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Սիսակ Գաբրիելյանի ընտրության պատկերն էր: Մյուս 7-ի օգտին 62 կողմ ձայն էր եղել, Գաբրիելյանին 61-ն էր կողմ քվեարկել, դեմ՝ 2-ը: Արդյո՞ք 62 ՔՊ-ականներից մեկն էր դեմ քվեարկողը, ու նրան գտնելու գործընթաց կնախաձեռնե՞ն:
«Չեմ կարծում, ոչ: Թե դեմ են եղել, թե ձեռնպահ, թե անվավեր են արել, թե չեն գցել քվեատուփ, էական տարբերություն կարծում եմ չկա», - հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը:
«Քաղաքացիական պայմանագրից» Տրդատ Սարգսյանը ընտրվեց Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի Լուսինե Բադալյանը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արուսյակ Ջուլհակյանը, Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողովի նախագահ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Թունյանը:
«Ուժեղ Հայաստան»-ը, որին պատկանում է երեք հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին. խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ներկայացրեց Լիաննա Մանուկյանի թեկնածությունը:
Մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում, բայց չեղարկել են ելույթներն ու հարցերը կրճատելու պայմանավորվածությունը. սա թերևս օգոստոսի 2-ից մեկնարկած առաջին նստաշրջանը վերջապես ավարտելու համար էր:
«Առաջադրումները կանենք առանձին՝ առանձին: Կարծում եմ՝ քվեարկությունն էլ այդպես կանենք: Կուզենամ մեր գործընկերների հայտնել՝ քանի որ նախորդ հանձնաժողովի մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ, որ խնդիրը նրանում է նաև, որ մենք լավ չենք կարողացել, ժամանակ չի եղել խորը և համապարփակ ներկայացնել մեր հանրությանը, թե ովքեր են: Այդ իսկ պատճառով, մենք գնում ենք այն ճանապարհով, տեղեկացնում եմ ընդդիմադիր մեր գործընկերներին, տեղեկացնում եմ իշխանական պատգամավորներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով և հարցերով», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
«Արդյոք նաև էս գործելաոճը կարելի՞ է համարել որպես, պայմանական ասենք, վրեժխնդրություն ձեր թեկնածուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում», - հարցրեցին ՔՊ խմբակցությունից:
«Նույն հաջողությամբ ես կարող եմ ձեր խմբակցությանը հարց ուղղել. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ համապատասխան հանձնաժողովների նախագահների պաշտոնները առաջադրում է ընդդիմությունը, նույն հարցը կարող եմ ձեզ տալ՝ արդյո՞ք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ երեք հանձնաժողովի նախագահի չեք ընտրել: Հետևաբար՝ ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ՝ ընթացքը ցույց կտա», - արձագանքեց «Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանը:
Թեև ԱԺ Կանոնակարգը սահմանում է, որ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կարող է այնքան շարունակվել, մինչև խմբակցությունն իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չառաջադրի կամ առաջադրված նույն թեկնածուն երեք անգամ չընտրվի, բայց երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ Կառավարության ծրագրին հավանություն տալու համար 7-օրյա ժամկետ է սահմանվում: Փաշինյանի կաբինետն արդեն այն հաստատել և ուղարկել է ԱԺ: Իշխանական խմբակցությունից հավանական են համարում, որ ծրագիրը հաջորդ շաբաթ արդեն կքննարկեն: Արդյո՞ք խորհրդարանը կհասցնի նախքան Կառավարության ծրագրի քննարկումը ավարտել հանձնաժողովների նախագահների ընտրությունը, թե՞ այն կհետաձգվի ու տեղի կունենա Կառավարության ծրագրի հաստատումից հետո, դեռ հստակ չէ: