«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Եե երբ կհրապարակվի որոշումը, Սարգսյանն ասաց, ավելի ուշ կտեղեկանան։
Քննչական կոմիտեն էր միջնորդել նրան երկու ամսով կալանավորել: Միջնորդությունը քննում է դատավոր Գարիկ Աբելյանը։
Երեկ Ծառուկյանի առանձնատանը ու բիզնեսներում շուրջ 12 ժամ տևած խուզարկությունից հետո նրան ձերբակալեցին և տարան Քննչական կոմիտե, ապա գիշերը տեղափոխեցին դատարան, նիստը, սակայն, հետաձգվեց: Քննությունը սկսվել է այսօր առավոտյան:
«Մեղադրանքը սարքած է, փուչիկ, որևիցե բան չկա: Նախկին դեսպանները նեկա են եղել, սարքած գործ է, որևիցե բան չկա», - ՔԿ-ից դուրս գալուց հայտարարեց Ծառուկյանը:
Քննչական կոմիտեն 69-ամյա Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։
Գործարարի փաստաբանները մեղադրանքը «աբսուրդային ու ծիծաղելի» են որակում՝ պնդելով, որ այն գործերում, որտեղ Ծառուկյանը կամ նրա հետ փոխկապակցված ընկերությունները պետք է տուժող ճանաչվեին, այժմ նրանց մեղադրյալի կարգավիճակ են տվել։
Նախօրեին Ծառուկյանի առանձնատանը ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկությյուններից հետո, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, կապարակնքվել են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը:
Քննչական կոմիտեն էլ երեկ երեկոյան հայտնեց, որ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։
Ըստ հաղորդագրության, ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն դրամի վնաս: