Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադիի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Սյունիքում մասնակցել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկի միջոցառմանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ու «Թունել Սադ Արիանա» և «Աբատ Ռահան Պարս Ինթերնեյշնլ Գրուպ» համատեղ ձեռնարկության միջև կնքվել է Հյուսիս-հարավի Քաջարանի թունելի՝ 7.2կմ երկարությամբ, շինարարության պայմանագիրը:
Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանն այսօր ավելի վաղ ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Փուրմոհամմադին քննարկել են սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը:
Նրանք անդրադարձել են նաև տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:
Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:
ՀՀ փոխվարչապետը և Իրանի փոխնախագահը ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով:
Նախօրեին էլ Իրանի փոխնախագահը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: