Երևանի թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովը երեկվանից սկսել է իր բոլոր 52 տեղամասերի վերահաշվարկը: Այսօր մինչև ժամը 18:00-ը արդեն 23 տեղամասերի քվեները նորից էին հաշվել:
Արդյունքում ամենաշատը՝ 7 ձայնով, ավելացել են «Քաղաքացիական պայմանագրի» քվեները։ Հաջորդում է «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ ավելացված 5 քվեով: «Բոլորին դեմ եմ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների օգտին ավելացել է 4-ական ձայն, Ռեֆորմիստների կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի՝ 3-ական ձայն, Հայաստանի շնորհապետական կուսակցության և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության՝ 2-ական ձայն, իսկ «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի օգտին՝ 1-ական ձայն։ Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները նույնպես փոփոխվել են առավելագույնը 1 ձայնով կամ մնացել անփոփոխ։
Հանձնաժողովի նախագահ Սոնա Սարգսյանի խոսքով՝ վերահաշվարկը կշարունակվի մինչև ուրբաթ օրը ժամը 14:00-ը, իսկ այսօրվա արդյունքները կամփոփվեն վաղը։ Նրա խոսքով՝ վերահաշվարկի պահանջով դիմել էր «Միասնության թևեր» կուսակցության թեկնածուն, սակայն դիմումը մերժվել էր, քանի որ սխալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի էր հասցեագրված, թեև բովանդակությամբ վերաբերում էր 6-րդ ընտրատարածքի տեղամասերին:
«Որովհետև, հիմք ընդունելով, որ դիմումը հասցեագրված էր սխալ ընտրատարածքայինի, գրված էր՝ թիվ 5/1-ից մինչև 5/19-ը, հետո բովանդակության մեջ արդեն մեր տեղամասային կենտրոններն էր մատնանշված, դրա համար էդ հիմքով մենք մերժեցինք», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Դրանից հետո արվել է սեփական նախաձեռնությամբ օրենքով սահմանված կարգով վիճակահանություն վերահաշվարկի հետ կապված, տրվել են երեք տեղամասային կենտրոններ, և էդ նույն որոշման հիման վրա մենք որոշեցինք սեփական նախաձեռնությամբ բացի էդ երեքից վերահաշվարկ իրականացնել բոլոր մնացած 49 տեղամասային կենտրոններում»:
Նույն սկզբունքուվ վերահաշվարկ է սկսվել նաև Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բոլոր 60 տեղամասերում: Օրվա առաջին կեսի դրությամբ դեռ մոտ հինգ տեղամասի տվյալներ էին հայտնի, ըստ որոնց՝ տեղամասերից մեկում «Ուժեղ Հայաստան»-ի ձայներն ավելացել են 1-ով, մյուս երկուսում՝ նվազել 4-ով: «Քաղաքացիական պայմանագրի» ձայները տեղամասերից երկուսի տվյալներով ավելացել են 5-ով, մյուս երեքում՝ նվազել 3-ով: ԲՀԿ-ի քվեներն էլ 3-ով են ավելացել: Բոլոր 60 տեղամասերի վերջնական արդյունքները պարզ կլինեն շաբաթվա վերջին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր դարձյալ ընդգծել է, որ խնդիրները տեխնիկական են, ու վստահեցրել. - «Հունիսի 14-ին մենք ունենալու ենք իդեալական արդյունքներ»:
Մինչ ընդդիմադիր ուժերը պնդում են, որ վերահաշվարկի արդյունքում ձայների էական տարբերությունը հօգուտ իրենց է լինելու, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է՝ ընդդիմադիր երեք ուժերի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49.8 տոկոսից այս պահին դարձել են 49.9 տոկոս: Վստահ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատն ավելանալու են իշխող ուժի ձայները և տոկոսները։
Վերահաշվարկն ամենաշատը կարևորում է «Բարգավաճ Հայաստան»-ը: Եթե դրա արդյունքում այս կուսակցությունը հաղթահարի 4 տոկոսի շեմը, ապա կանցնի խորհրդարան՝ նախնական տվյալներով ստանալով 5 մանդատ: Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանի ուժին 0.004 տոկոս է պակասում: