Մատչելիության հղումներ

Երբ ամրաշինական կառույց է սարքվում, ծառը պետք է հատել. ԳՇ պետը՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների գործունեության մասին

Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Բազմիցս ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի», - ասաց նա։

Լրագրողների հարցն, թե ինչո՞ւ հետ չգնացին ադրբեջանական զորքերը Ջերմուկի հատվածից, և ինքը ևս ասել էր, որ հետ են գնալու, Ասրյանը պատասխանեց. «Այո, ես եմ ասել։ Այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև՝ ինչու եմ ասել։ Ես եմ ասել, ես չեմ զլանում դա հաստատել, որ ասել եմ»:

2022 թվականի սեպտեմբերին, երբ ռազմական գործողություններից հետո ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, ԳՇ պետը հայտարարել էր, թե մասնավորապես Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները կտրված են մատակարարման ուղիներից և եթե այդ խումբը ջուր ու սնունդ չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

«Ազատության» հարցին՝ այդ հատվածում ամրաշինական աշխատանքներ շա՞տ են իրականացվում ԳՇ պետը պատասխանեց. «Քանակական ես չեմ կարող ասել՝ ինչքան է»:

«Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մասն է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց պետք է իրականացնի։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի, զինուժի կողմից աշխատանքների իրականացնելուց մենք էլ ահազանգենք։ Մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով», - հայտարարեց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:

«Ազատության» դիտարկմանը՝ արդյոք իրականացվող ամրաշինական աշխատանքները ահազանգ չե՞ն սահմանազատման պրոցեսով հետ գնալու, նա արձագանքեց. «Ոչ... ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե նաև անցած ոչ միայն մեր փորձն է, այլ համաշխարհային փորձն ուսումնասիրում ենք, այդպիսի շատ-շատ դրվագներ կան, որ այո, տարածքից դուրս են գալիս և հետ են գնում»։

Պատասխանելով «Ազատության» հարցին, որ այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքներ են կատարում, անտառներ են հատվում՝ Ասրյանը նշեց. «Երբ որ ինժեներական ամրաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել՝ հատվում է։ Այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթյունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով՝ իրականացվում է»։

Իսկ արդյոք այս թեմայով հայկական կողմը խոսո՞ւմ է ադրբեջանցիների հետ, դատապարտվո՞ւմ է, Գլխավոր շտաբի պետը հայտնեց. «Զինված ուժերը, Գլխավոր շտաբի պետը և Գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG