Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները։ Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած Սահմանադրական դատարանում, հասկանալով նրանց կաշկանդվածությունը և ակնհայտ իշխանության կցորդ լինելու հանգամանքը, այդ ամենով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանադրական դատարան՝ վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ Իրավաբանների խումբն աշխատում է փաթեթի վրա», - ասուլիսում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

Նրա փոխանցմամբ՝ մոտ 2 տասնյակ ընտրատեղամասերում դիմել են վերահաշվարկի համար:

Նախօրեին էլ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կվիճարկի քվեարկության արդյունքները: Նրա նշել էր, որ հետագա անելիքները քննարկում են ընդդիմադիր մյուս գործընկերների հետ: Թե ո՞ւմ մասին է խոսքը, նախկին նախագահը չի հստակեցրել:

«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում», - նշել է Քոչարյանը:

Նախնական տվյալներով խորհրդարանից 0.004 տոկոսով դուրս մնացած ԲՀԿ-ն իր հերթին ահազանգում է տասնյակ անճշտությունների մասին: Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի պնդմամբ՝ միայն 4 ընտրատեղամասերի արձանագրության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա տվյալների համեմատությամբ հայտնաբերել են 120 պակաս ձայն:

Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG