Կրեմլը սպասում է վերջնական արդյունքներին
Կրեմլն առայժմ ձեռնպահ է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից։
«Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ վստահեցրել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է ընտրությունների, այդ թվում՝ խախտումների վերաբերյալ տեղեկատվությանը։
ՌԴ արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, թե
Մոսկվան մտադիր է Երևանի հետ իր ապագա հարաբերությունները կառուցել Հայաստանի իշխանության հետագա քայլերի հիման վրա:
«Մոսկվան միշտ եղել է և միշտ կլինի շահագրգռված ուժեղ և իսկապես ինքնիշխան Հայաստանով»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով,- « վերջին ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ հայ հասարակությունը չափազանց բևեռացված է։ Այս պայմաններում, Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելը՝ առանց հաշվի առնելու բնակչության բոլոր շերտերի կարծիքը, նշանակում է երկիրը տանել դեպի հետագա բաժանում և սոցիալ-տնտեսական ցնցումներ»։
ԵԽ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան և եղել են «բաց ու մրցակցային», հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։
«Ընտրությունները եղել են բազմակուսակցական, օրենքներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ գործել են սահուն, իսկ ձայների հաշվարկի ընթացակարգը՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- այսօր հայտարարել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։
«Դիտորդների կողմից նկատված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։
«Քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ):
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավը եղել է խիստ բևեռացված և հակադրական՝ ուղեկցված բազմակի բաժանարար և սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ պատերազմի թեմային առնչվող ուղերձներով»։ «Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», - նշել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը։
IRI․ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի
Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Միջազգային հանրապետական ինստիտուտի ( IRI) նախագահ Փիթեր Ռոսկամը հայտարարել է.- «Քվեարկության օրը ընտրական գործընթացները եղել են հանգիստ և լավ կազմակերպված։ Մենք բարձր ենք գնահատում ընտրական գործընթացի մասնակից պաշտոնյաների աշխատանքը՝ վստահելի և թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար»:
Միջազգային հանրապետական ինստիտուտը խորհուրդ է տալիս, որ պաշտոնյաները շարունակեն ջանքերը քվեների գնման սխեմաները նվազեցնելու և քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունն ուժեղացնելու ուղղությամբ, ինչը կօգնի շարունակել Հայաստանի ժողովրդավարական նպատակների առաջխաղացումը
IRI-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը խոսեց արտաքին միջամտությունից՝ սլաքներն ուղղելով դեպի ՌԴ.
«Ընտրությունների արդյունքները, ինչպես նաև մեր նախընտրական հարցումները, ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները հստակորեն ձգտում են եվրոպամետ ապագայի»,- ասաց Նիքսը՝ ընդգծելով՝ ՀՀ-ի ընտրական համակարգը դիմակայեց արտաքին միջամտության լայնածավալ փորձերին:
ԲՀԿ-ն կդիմի վերահաշվարկի համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար: ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է. «Կուսակցությունը օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը»:
Տոնոյանը հայտնել է նաև, որ չեն բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը. «հաշվի առնելով ընտրախախտումների այն հսկայական ծավալը, որին ականատես ենք եղել ամբողջ ընտրական գործընթացում»,- ընդգծել է Տոնոյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն չի հաղթահարել անցումային շեմը: Կուսակցությունը ստացել է 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:
Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով:
«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը:
«Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները», - ընդգծել է Զելենսկին:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։
«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար», - X-ում գրել է Անտոնիու Կոշտան։
«Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», - նշել է նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։
«Ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար», «X»-ում գրել է Ֆրանսիայի առաջնորդը։
«Հայաստան» դաշինքը այժմ քննարկումների մեջ է և իր անելիքների ու մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին ընդդիմադիր դաշինքից: