Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն միաձայն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկու ժամ քննելով «Ուժեղ Հայաստանի» գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու՝ «Հանրապետություն» կուսակցության դիմումը, միաձայն մերժեց այն:

Որոշումն ընթերցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց՝ անվավեր ճանաչելու մասով հիմքեր չկան, իսկ ուժը կորցրած ճանաչելու դիմումը ենթադրությունների վրա էր հիմնված:

Համաձայն ընտրական օրենսգրքի՝ կուսակցության կամ դաշինքի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 5 անդամի որոշմամբ, եթե գրանցումից հետո հայտնի դառնա, որ կուսակցության փաստաթղթերը կեղծված են: Ընտրական օրենսգրքում նկարագրվում է, թե «կեղծվածը» ինչ է նշանակում. նշված է մեկ օրինակ՝ կուսակցության համագումարի կամ ղեկավար մարմնի ոչ իրավազորության կամ անհրաժեշտ որոշումներ չընդունելու հիմքը, բայց միայն, եթե դա հաստատվել է դատական ակտով: ԿԸՀ անդամները նկատեցին, որ գրանցումն անվավեր ճանաչելու հիմքը այս դեպքում առկա չէ:

Ինչ վերաբերում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելուն, ապա այս դեպքում դատարանը կուսակցության կամ դաշինքի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե եզրակացնի, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից:

«Հանրապետությունը» ընտրակաշառքի քրգործերն էր դրել դիմումի հիմքում

«Հանրապետության» դիմումը ներկայացվել էր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի անունից:

Նիստի սկզբում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Արամ Սարգսյանի դիմումը: «2026 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից, նրանց թողտվությամբ, խթանմամբ կամ համաձայնությամբ ենթադրաբար կատարվել են ընտրակաշառքի բաժանման և ընտրողների մոտ այլ եղանակով քողարկված գույքային շահագրգռվածության ուղղված բազմաթիվ գործողություններ», - նշված է դիմումում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

Դիմումում նաև հղումներ կային դիտորդական կազմակերպություններին, մամուլի հրապարակումներին, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի երկքաղաքացիության վերաբերյալ [ինչը չէր ապացուցվել], ինչպես նաև այն փաստին, որ այս ուժը վարչապետի թեկնածու է ներկայացնում գործարար Սամվել Կարապետյանին, որը երկքաղաքացիության պատճառով չի կարող այդ պաշտոնին հավակնել:

Միջնորդությունը մերժվեց

«Հանրապետություն» կուսակցությունը միջնորդեց, որ ԿԸՀ-ն Հակակոռուպցիոն կոմիտեից, Գլխավոր դատախազությունից ու ԱԱԾ-ից պահանջի տեղեկանք, որը կպարունակի տեղեկություն այն անձանց մասին, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վայրույթների շրջանակներում գտնում են իրավապահների տեսադաշտում ընտրակաշառքի գործերով: ԿԸՀ-ն այս միջնորդությունը մերժեց:

«Ուժեղ Հայաստան»-ը Ընտրական օրենսգիրքը մեջբերեց

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն «իրավական անհեթեթություն» որակեցին դիմումը, այն հստակեցնելու պահանջ դրեցին: Կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ Ընտրական օրենսգրքում և՛ գրանցումն անվավեր ճանաչելու, և՛ ուժը կորցրած ճանաչելու հիմքերը հստակ են՝ երկուսի դեպքում էլ պետք է իրավական ակտ լինի:

«Ընտրական օրենսգիրքը ասում է՝ շարունակական բնույթի խախտումներ... դուք նույնիսկ մեկ խախտում չեք հիմնավորել, բայց խոսում եք շարունակական խախտումների մասին: Դուք ասում եք՝ եկեք ուժը կորցրած ճանաչենք, որովհետև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ մամուլի հրապարակում կա: Նարեկ Կարապետյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի, պնդում էիք, թե մեղադրանք կա առաջադրված: Չկա՛ մեղադրանք»,- ասաց Վարդևանյանը՝ խնդրելով սեղմ ժամկետում մերժել դիմումը:

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ դիմում ներկայացրեց երեկ Հանրայինի եթերում բանավեճի ժամանակ վարչապետ Փաշինյանի հորդորից հետո: Այդ բանավեճի ժամանակ միտք հնչեց, որ մինչ այս ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների, հրապարակված ձայնագրությունների հիման վրա պետք է «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ընտրություններին չեղարկվի, բայց Փաշինյանն ասաց՝ իրենք այդ քայլին չեն դիմել, որպեսզի իրենց չմեղադրեն, թե վախենում են պարտությունից: Վարչապետը հորդորեց, որ այդ հարցով զբաղվի «Հանրապետությունը» կամ այլ կուսակցություններ: «Հանրապետության» ղեկավար Արամ Սարգսյանը նախ անմիջապես համաձայնեց, ապա բանավեճի կեսից միտքը փոխեց և տպավորություն էր, որ չի դիմելու: Բայց փաստորեն այսօր, այնուամենայնիվ, այսօր որոշեց դիմել: Այսօր արդեն ԿԸՀ նիստում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանը այս ամենը «ուղիղ հրահանգ» համարեց:

Դիմումատու կողմն, ի դեպ, չսպասեց որոշման հրապարակմանը և լքեց ԿԸՀ-ն քննարկումից հետո:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG