Քննչական կոմիտեն հայտնում է՝ բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվել են խուզարկություններ:
«Ազատության» տեղեկություններով՝ խուզարկությունները կատարվել են «Ուժեղ Հայաստանի» առաջին դեմքերից Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական գործի շրջանակում։
Խուզարկություններ են իրականացվել ամբողջ հանրապետությունով։
Ավելի ուշ Քննչականը հաղորդեց, որ քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ա.Ա.-ին օժանդակելու՝ 2025-2026 թվականներին հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն, ինչպես նաև Ա.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար»:
Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, որոնց վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվում դատարան: Մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:
Ըստ Քննչականի՝ 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են «բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր»:
Ալեքսան Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։ Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ:
Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը. «Հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում։ Մեր թիմից չկա մի մարդ, գոնե հասկանա՝ ոնց են փող լվացնում։ Ես փողերի լվացում մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվանում, ուրիշ ձև չգիտեմ»,- նախօրեին ասաց Կարապետյանը: