Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:
ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները 5-րդ անդամին՝ Հայաստանին ուղիղ ասում են՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսներն այսպիսի սպառնալից հայտարարություն են անում այն դեպքում, երբ ԵԱՏՄ կանոնադրությամբ անդամ երկրին հեռացնել չեն կարող: Եվրասիական տնտեսական միության պայմանագրով երկիրն ինքը պետք է ցանկանա անդամակցությունը դադարեցնել, բայց անդամները կարող են տարբեր ապրանքների ներմուծումների համար սահմանափակումներ կամ հավելյալ ստուգումներ մտցնել, ինչը Ռուսաստանն արդեն իսկ վերջին շաբաթներին անում է՝ վնասելով Հայաստանի տնտեսությունը:
Պուտինը, Լուկաշենկոն, Տոկաևն ու Ժապարովը պնդում են, թե Հայաստանի եվրոպական ձգտումները ԵԱՏՄ անդամ երկրների համար տնտեսական անվտանգության «էական ռիսկեր են պարունակում»:
Հայտարարությունը փոխանցել են այսօր Աստանայում ԵԱՏՄ նիստին Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ նման հարցով հանրաքվե կանցկացնեն, երբ նպատակահարմար կհամարեն. «Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի»:
Հայաստանի եվրաինտեգրման քայլերին Մոսկվայի քննադատությանն ու կոշտ գնահատականներին, ըստ էության, այսօր միացան նաև ԵԱՏՄ մյուս անդամ երկրները:
Վերջին շաբաթներին ռուսական կողմը գրեթե ամենօրյա ռեժիմով կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի վերաբերյալ ու արդեն ուղիղ սպառնում շեշտակի թանկացնել գազն ու այն շուկայական գնով վաճառել: Արդեն տնտեսական սահմանափակումներ են կիրառել՝ արգելելով հայկական ծաղիկների, բանջարեղենի, «Ջերմուկ»-ի ու մի քանի ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը: Ռուսաստանը հորդորում է արագ կողմնորոշվել՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն. Երևանն արձագանքում է՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ եվրաինտեգրման գործընթացը կարելի է համատեղել ԵԱՏՄ-ում անդամակցության հետ:
Հայաստանը մտադիր է բարեխղճորեն շարունակել մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Գրիգորյան
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ չեն պատրաստվում, սակայն համատեղ աշխատանքը պետք է հաշվի առնի նաև անդամ երկրների ազգային շահերը:
«Պետությունների հարգելի ղեկավարներ, հարգելի գործընկերներ, մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք՝ Հայաստանի ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցության հանձնառությունն ի շահ մեր երկրներում և մեր տարածաշրջանում տնտեսական կայունության ու զարգացման: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է բարեխղճորեն շարունակել մասնակցել միության աշխատանքին՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության ու անդամ երկրների ազգային շահերը հաշվի առնելով», - նշել է Գրիգորյանը:
Չնայած չորս առաջնորդների այսօրվա կտրուկ հայտարարությանը, գագաթնաժողովի բաց մասում Հայաստանի հասցեին որևէ քննադատություն չհնչեց, անդամ երկրների ղեկավարները Հայաստանն առանձին չհիշատակեցին: Երևանի մասին ակնարկ կար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքում. նա, սակայն, ոչ թե մեղադրում էր Հայաստանին, այլ Եվրասիական տնտեսական միությանը՝ պնդելով, թե իրենք պետք է ավելի լավ աշխատեն, որ անդամ երկրները հեռանալու մտադրություն չունենան:
«Մենք պետք է վճռական քայլեր իրականացնենք ԵԱՏՄ շրջանակում մեր մատնանշած հիմնական գաղափարներն իրագործելու համար, եթե մենք դա չանենք, իսկ հիմա պետք է արագ գործել, որովհետև այդպիսի ժամանակներ են, եթե չանենք, ԵԱՏՄ-ի գրավչությունը կձգտի զրոյի: Մենք պետք է հստակ հասկանանք՝ ինչ-որ մեկը ինչ-որ շահեր պետք է զիջի, իսկ զիջումների բոլորը պետք է գնան, մեկը շատ, մեկը քիչ, բայց մեր առաջնահերթությունը ԵԱՏՄ-ի արդյունավետությունը պետք է լինի, որ անդամակցողները հասկանան՝ ինչ կստանան, որ անգամ անդամները չմտածեն՝ այնտեղ ինչ-որ մի տեղ ավելի լավ կլինի, մեզ մոտ ոչ», - ասել է Լուկաշենկոն:
Դահլիճից դուրս, լրագրողների հետ զրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե ԵԱՏՄ անդամ երկրների փողերով Հայաստանը չի կարող եվրաինտեգրման գործընթաց իրականացնել:
Թե դեռ որքան է Երևանը պատրաստվում համատեղել եվրոպական ձգտումները ԵԱՏՄ-ի հետ, պարզ չէ: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այդ քաղաքականության կհետևեն այնքան, որքան հնարավոր լինի. «Էդ կարող է համատեղելի լինի մինչև 2030 թիվը, մինչև 2035, մինչև 2040 թիվը, կարող է համատեղելի լինի մինչև 2026 թվականի դեկտեմբերը.... ժամանակը ցույց կտա: Դա մեր ինքնիշխան որոշումն է, մենք մեր ինքնիշխան որոշումները կկայացնենք: Մեր պլանում ոչինչ չի փոխվել»:
Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցում է արդեն 12 տարի՝ կառույցի ստեղծման օրվանից: